«Շուշին հանձնվեց՝ Շուշին ազատագրողներից վրեժ լուծելու համար». Ռոբերտ Հայրապետյան

«44 օրվա ընթացքում ըստ էության իշխանությունը փորձում էր իր քաղաքականությանը շարունակականություն հաղորդել այն պրիզմայով, որ մոտ 2.5 տարի նախկիններն ու նախորդները Ֆեյսբուքում հռչակվել էին՝ որպես թշնամական կողմ, ու նրանց նկատմամբ ֆեյսբուքյան հաղթանակը նաև նրանց էր դրել էյֆորիայի վիճակում, որովհետև 44 օր շարունակ նրանք փորձեցին այդ էյֆորիան տարածել նաև պատերազմական գործողությունների ընթացքում ծավալվող իրադարձությունների վրա ու խաբել ժողովրդին՝ առանց գիտակցելու, որ, բացի իրենց «ֆեյքաբուծարանի» ներկայացուցիչներից, պատերազմական գործողություններով մտահոգ ու միայն պաշտոնական աղբյուրներին հետևող իրական քաղաքացիներ էլ կան, ովքեր ստիպված էին լռել՝ սահմանափակված լինելով կառավարության որոշմամբ և հասկանալով, որ մենք ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Խոսելով հասարակությունը ներսից պառակտելու մասին՝ իրավաբանը նշեց, որ միգուցե դա ուներ նպատակ:

«Ակնհայտ է, երբ փողոցային ինչ-որ խմբակ գալիս է իշխանության ու փորձում իր ողջ գործունեությունն իրականացնել բացառապես նախկիններին փնովելով, և այս ամբողջ ընթացքում մի լումա չներդնելով, որքան էլ դրա մասին լալահառաչ տեքստեր են ասում, սպառազինության, երկրի պաշտպանվածության ուժեղացման, արտաքին թշնամու դեմ պայքարի համար, արդյունքը սա պետք է լիներ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ նրա՝ իշխանության գալու հենց առաջին օրվանից այս իշխանությունների կողմից սկսվել է հայրենիքի, հերոսների, պատերազմում մեծ ավանդ ունեցող մարդկանց արժեզրկումը, և դա հանգեցնում է մի իրավիճակի, երբ իրավամբ արդեն ինքդ քո ադեկվատությանն ես սկսում կասկածել:

«Արդյո՞ք հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր դեռևս շարունակում են փառաբանել և անվերապահորեն վստահել 44 օր իրենց խաբած և արդյունքում՝ երկիրը ծախած իշխանություններին, չեն հասկանում՝ ինչ է տեղի ունեցել»,- տարակուսեց Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա պնդմամբ՝ Փաշինյանին անհրաժեշտ էր 44 օր շարունակ կեղծ տեղեկատվական քաղաքականություն վարել, որովհետև նա մանկամտորեն հույս է ունեցել, որ դրա արդյունքում կմարսվի իր կողմից իրականացված դավաճանությունը, կամ հնարավոր կլինի ամեն ինչ բարդել ժողովրդի, նախկինների, զինվորների ու բանակի, բայց ոչ երբեք՝ այդ ամենի հիմնական մեղավոր և խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի տակ ստորագրած Նիկոլ Փաշինյանի վրա:

«Բազմաթիվ հրապարակումներ, ընդ որում, նաև պաշտոնական և կոմպետենտ անձանց կողմից են եղել, որ հստակ նշվել է՝ պատերազմի 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հստակ գործողություններ իրականացնելու պլան, որի արդյունքում կարող ենք դադարեցնել պատերազմը ու դա անել քիչ կորուստներով: Եթե պատերազմը դադարեցվեր պայմանականորեն առաջին 5 օրերի ընթացքում, և դա տեղի ունենար քիչ կորուստներով, ըստ որում՝ նաև տարածքային, ես միգուցե մեկ տոկոս անգամ կասկած չունենայի Փաշինյանի գործողությունների ազնվության մեջ, բայց երբ որ պարբերաբար են նրան առաջարկել շատ ավելի լավ տարբերակներ, որոնցից Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է՝ ակնհայտ գիտակցելով, որ ոչ մարդկային, ոչ զենքի ռեսուրսներ չունի պատերազմը շարունակելու, այլ ելք չի մնում, քան մտածել, որ նրա գործողություններն ունեցել են հստակ նպատակ՝ միտումնավոր վաճառելու, հանձնելու, նվիրելու հայրենիքն այն «կիրթ» մարդուն, ում հետ բախտ է ունեցել 3-4 րոպե գտնվել վերելակում»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Խոսելով եռակողմ համաձայնագրի մասին, որով ըստ էության կապիտուլյացվեց Արցախը, իրավաբանը նշեց, որ, եթե դա դիտարկենք՝ որպես միջազգային պայմանագիր, ապա այն պետք է ստանա Սահմանադրական դատարանի կարծիքն ու վավերացվի Ազգային ժողովով, իսկ եթե ընդունենք, որ վավերացում չպահանջող փաստաթուղթ է, ապա գնդակը ՀՀ նախագահի դաշտում է, և նա կարող է մեկ ստորագրությամբ կասեցնել վավերացում չպահանջող միջազգային պայմանագրի գործողությունը:

Հարցին, թե դա ինչո՞վ կարող է հղի լինել, Ռոբերտ Հայրապետյանը պատասխանեց, որ այս փուլում դրանից հաժարվելը կարող է սպառնալ պատերազմական գործողությունների շարունակականությամբ այնքան ժամանակ, քանի դեռ մենք չունենք բանակցող, ում նկատմամբ չեն լինի նման ծաղրական ու արհամարհական վերաբերմունք, ինչպիսին որ կա գործող վարչապետի նկատմամբ առհասարակ միջազգային ասպարեզում:

«Այն բառամթերքը և ծաղրական վերաբերմունքը, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ է կիրառում, անկախ նրանից՝ դու ինչ պաշտոն ես զբաղեցնում, դա «գետինը մտնելու» բան է: Եվ եթե դու դրանից հետո երեսպաշտությամբ շարունակում ես պնդել, որ ունես լեգիտիմություն ու հրապարակում ես գործողությունների ծրագիր, որտեղ ինչ-որ կետում կորոնավիրուսի դեմ պայքարն ես դնում, առնվազն քո մեղսունակությունը պետք է դրվի կասկածի տակ: Ընդ որում, դա պետք է արվի փաստաթղթերով»,- ասաց իրավաբանը:

Վերջինիս խոսքով՝ բանակցողի փոփոխությունը հույս է տալիս ենթադրելու, որ այդ գործընթացներն իրականացնելուց հետո նոր բանակցողը գոնե կարող է ՌԴ-ի հետ բանակցելիս  բարելավումներ մտցնել այդ փաստաթղթի մեջ:

«Ես վստահ եմ, որ այդ ամբողջ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելն անհնարին է, բայց բանակցողի փոփոխությունը թույլ կտա գոնե բանակցել այնպիսի կետերի շուրջ, որոնք, ասենք, Մեղրիից որոշակի սահմանահատված չեն տրամադրի Ադրբեջանին: Բանակցողի փոփոխությունը միակ փրփուրն է, որից այժմ մենք կարող ենք կախվել»,- նկատեց նա:

Ռոբերտ Հայրապետյանն ասաց նաև, որ անբարոյականությունը հասել է այնտեղ, որ իշխանական քարոզիչները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած այնպիսի մարդկանց են ասում՝ աթոռակռվի համար են փողոցում, ովքեր երեխաներ են կորցրել պատերազմում կամ գերիներ ունեն:

«Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը եռակողմ փաստաթղթից 2-րդ փաստաթուղթն է արդեն ստորագրել, որտեղ բոլոր կետերի համար կան հստակ ժամկետներ սահմանված, բացի գերիների փոխանակման կետերից, որոնք կրում են դեկլարատիվ բնույթ: Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով պետք է վերադարձվեն նրանք, չկա: Ինչո՞ւ վայրկյան առաջ ամեն ինչ չես անում այդ տղաներին վերադարձնելու համար»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հանձնվեց Շուշին, նա ասաց, որ կարծում է՝ Շուշին հանձնվեց Շուշին ազատագրողներից վրեժ լուծելու համար:

«Դա է միակ տրամաբանությունը, որը տեղավորվում է Շուշիի արժեքը չիմացող ու չգնահատող ինչ-որ իշխանության ինչ-որ ղեկավարի գործողություններում»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս