«Փաշինյանն իր իշխանախմբով պետք է հեռանա». Արա Հակոբյան
«Մենք գտնվում ենք մեզ համար բախտորոշ իրավիճակում, մենք բոլորս մեր համախմբման ուժով հնարավորություն ունենք այս իրավիճակից քայլ առ քայլ դուրս գալու»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը՝ ավելացնելով, որ դա լինելու է դժվարին ճանապարհ, սակայն պետք է համախմբվել և սկսել լուծել այն հարցերը, որի առաջ այսօր կանգնած ենք:
«Դրա համար մեզ առաջին հերթին պետք է հայության ներուժի համախմբումը: Ի՞նչ արգելքներ մենք ունենք այսօր այդ ճանապարհին. Առաջինը՝ մենք ունենք վարչապետ՝ իր իշխանախմբով, որ չի ուզում դա իրականացվի, նա շարունակում է պառակտումը մեր երկրում, նա փորձում է նորից, նույնիսկ այս իրավիճակում հայությանը բաժանել խմբերի: Մենք դա թույլ չե՛նք տալու, և դրա համար որպես առաջին նախապայման՝ եղած իշխանությունը և եղած վարչապետը պետք է հեռանան, և դուք եք, որ բերել եք նրան, և դուք եք, որ նրան կարող եք հեռացնել, այնպես որ, հայությունն է այն ուժը, որ փոխելու է իրավիճակը»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա՝ երկրորդ կետը հարաբերությունների բարելավումն է արտաքին աշխարհի հետ.
«Դրա համար այն մարդը, որը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթը, այն մարդը, որ երաշխավորն է այդ իրավիճակի, որ այդ փաստաթուղթն ամբողջովին իրականացվի, այդ մարդը պետք է չլինի: Նոր մարդիկ պետք է սկսեն շփվել, բանակցել արտաքին աշխարհի մեր գործընկերների, ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի»:
Արա Հակոբյանն ընդգծեց, որ քաղաքական ուժերը չունեն իշխանության հավակնություն, այլ ունեն հավակնություն՝ իրավիճակի փոփոխության:
«Դրա համար մենք առաջարկել ենք ճանապարհային քարտեզ՝ 1. Նիկոլ Փաշինյանն իր իշխանախմբով պետք է հեռանա, 2. Մենք ձեզ հետ միասին պետք է ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն: Ազգային համաձայնության կառավարությունը պետք է մեղմացնի այն լարումները, որոնք առկա են, որից հետո, որոշ ժամանակ հետո, դա ամիսների խնդիր է՝ 3 ամիս, կես տարի, կորոշենք, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, և ժողովուրդ, դո՛ւք, և միայն դո՛ւք եք ընտրելու նոր կառավարությունը, դո՛ւք եք ստեղծելու նոր իրավիճակը Հայաստանում, և դուք եք այդ ամենի տերը լինելու՝ առանց խաբկանքի»,- եզրափակեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: