«Գանգոսկրի մեջ մի հատ օրգան կա, որը եթե լավ օգտագործվի, մենք ամեն օր խնդիրների առջև չենք կանգնի». Տարոն Սիմոնյան

«Ես չգիտեմ՝ դուք ո՞նց եք նայում այս ամեն ինչին: Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք՝ ինչի՞ մասին եք խոսում ընդհանրապես, թե՞ չէ»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ), դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորը ներկաների ուշադրությունը հրավիրեց կարևոր հարցերի ու խնդիրների վրա:

«Ընդհանրապես մենք մի քանի հազար հաշմանդամ արդեն ունենք: Էդ մարդկանց հաշմանդամության հարցերով զբաղվելու ենք: Մարմնի հաշմանդամությունը լուծելի հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է: Ես 2.5 տարի այս ամբիոնից ամեն անգամ հայտարարում եմ՝ զգույշ խոսեք Հայաստանում, զգույշ քայլեք Հայաստանում: Ձեր ամեն մի խոսքը, քայլը արձագանքում են ու շատ ավելի մեծ հետևանքներ են առաջացնում: Գանգոսկրի մեջ մի հատ օրգան կա, որը եթե լավ օգտագործվի, մենք ամեն օր այս խնդիրների առջև չենք կանգնի»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ ինքը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին, բայց եղած հնարավորությունները չօգտագործելով՝ իշխանությունները, անհասկանալի է, թե ո՞ւմ և ինչի՞ են սպասում, որտեղի՞ց են օգնություն ակնկալում, եթե իրենց ձեռքերում առկա գործիքները չեն օգտագործում:

«Երկու ամիս է, գոռում ենք, որ միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու հնարավորություն կա: Գրում ենք, տալիս ենք ձեռքներդ, ոչ մի բան չեք անում: Ո՞ւմ մեղադրենք: Ասում եք՝ հայտարարություն ենք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնելով: Միգուցե: Բայց արդյո՞ք գիտեք, որ այդ հայտարարությունն ինքնին երեք հիմքով առոչինչ է: Որպես այդպիսին, փաստացի միջազգային պայմանագիր հանդիսանալով՝ խախտում է միջազգային պայմանագրերի Վիեննայի կոնվենցիայի 51-րդ հոդվածը՝ սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրն առոչինչ է: Ներպետական օրենսդրությամբ միջազգային պայմանագիրը վավերացման գործընթաց ունի: Փաստացի դա շոշափում է այն հարցերը, որոնք միջազգային պայմանագրի կարգավորման ներքո են, ՀՀ տարածքին առնչվող: Որևէ մեկդ հասկանո՞ւմ է, թե այդ հայտարարության տակ ՀՀ ղեկավարը ստորագրելով՝ ի՞նչ բեռ է դրել ՀՀ-ի վրա, և ի՞նչ իրավական հետևանքներ պետք է առաջացնի դա ՀՀ-ի համար, այդ թվում՝ ֆինանսատնտեսական: Որևէ մեկդ հասկանո՞ւմ է, որ միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք համարվող էթնիկ զտումների արգելքը, որի հիմնարար սկզբունքն այս հայտարարությամբ խախտվել է, և դրա տակ դրված է ՀՀ ղեկավարի ստորագրությունը»,- նշեց Տարոն Սիմոնյանը:

Նա կրկին հարց ուղղեց իմքայլական պատգամավորներին, թե արդյո՞ք հասկանում են, որ այս թղթի տակ ստորագրություն դրած ՀՀ վարչապետը չի կարող շարունակել բանակցությունները:

«Ոչ ոք ձեզնից իշխանություն չի խլում: Կա խնդիր, և խնդիրը պետք է լուծենք համազգային ջանքերի շնորհիվ, բայց այդ խնդիրը լուծող մարդն ի վիճակի չէ շարունակել բանակցությունները: Իշխանությունը ձեզ պահեք, շարունակեք ձեր իշխանությունը կուտակել ձեր ձեռքերում: Ձեզ լինի, բայց համազգային հարցերի լուծման համար ճիշտ մարդիկ և ճիշտ գործիքներ են պետք: Սրա մասին մտածեք»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս