Վահրամ Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի սպանության փորձ կազմակերպելու մեջ մեղադրելը նույնն է, որ մեզ բոլորիս մեղադրեն Քենեդու սպանության մեջ․ Շարմազանով

Ապօրինի քրեական գործ է կարվել Հանրապետական կուսակցության անդամ, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանի վրա, որ նա, իբրև թե, Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի և Աշոտ Ավագյանի հետ փորձել է կյանքից զրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն, ես կարծում եմ, որ Փաշինյանի կյանքը որևէ մեկի համար գրոշ չարժե, որովհետև ինքը գնացել է քաղաքական ինքնասպանության։ Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։

«Սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու փորձ է, բայց դրանք ապարդյուն փորձեր են, որովհետև ինձ էլ բռնեցին, տարան, բայց ժողովուրդը եկավ, որովհետև Նիկոլ Փաշինյանի խայտառակ դավադրական քայլերի արդյունքում մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մի մեծ մասը»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ թեև վարչապետ Փաշինյանին թվում է, որ նման ճնշումներով հնարավոր է ընդդիմախոսությունը լռեցնել, սակայն այն կորոստները, որոնք կրել է հայ ազգը, ի չիք է դարձնում վախը։

Ըստ Շարմազանովի՝ ակնայտ է, որ այն ձայնագությունը, որը երեկ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունը, կեղծիք է և նման բան չկա։

«Բացի այդ՝ ո՞ւմ է պետք Նիկոլ Փաշինյանին սպանել, եթե Փաշինյանը որպես քաղաքական գործիչ, զրո է, գոյություն չունի։ Վահրամ Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի սպանության փորձ կազմակերպելու մեջ մեղադրելը նույնն է, որ մեզ բոլորիս մեղադրեն Քենեդու սպանության մեջ»,- ասաց Շարմազանովը։

Ըստ Էդուրադ Շարմազանովի՝ հիմա կարևոր է, որ հասարակության առողջ հատվածը միավորվի, որպեսզի կարողանան ազատվել ապաշնորհ ապազգային իշխանությունից Նիկոլի գլխավորությամբ:

«Հայրենիքի հանձնման ակտի բերածն ու ստորագրածը պետք է հեռանա: Մենք ասել ենք, որ սա իշխանության կռիվ չէ, սա հայրենիքը փրկելու կռիվ է, զոհասեղանին դրված է Հայաստանի անվտանգությունը և հայ ժողովրդի ապագան»,-ասաց նա։

Մանամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս