
«Սա կապված է քաղաքական հետապնդումների հետ». «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը՝ Արթուր Վանեցյանի հոր տան խուզարկության մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անձնական և նրա հոր բնակարանում զուգահեռ խուզարկություն է տեղի ունենում. 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: Մեր հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում է տեղի ունենում խուզարկությունը, Հակոբյանը պատասխանեց, որ սա հավանաբար կապված է 2 օր առաջ Վանեցյանին ձերբակալելու և հարուցված քրեական գործի հետ:
«Փաստաթղթերը չեմ տեսել, չեմ կարող հստակ ասել, բայց կապը պետք է փնտրել այդտեղ: Հանրահավաքի արդյունքում եղավ ձերբակալում, դատարանը համարեց դա ոչ օրինաչափ, և այսօր կատարվում են խուզարկություններ Արթուր Վանեցյանի թե՛ ծնողների, թե՛ այժմ նաև իր բնակարանում: Դա կապված է քաղաքական հետապնդումների հետ, որը իշխանությունն իրականացնում է Արցախի վերաբերյալ այս խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո»,- ասաց Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ խուզարկությունը սկսվել է քիչ առաջ և հավանաբար դեռ երկար կտևի:
«Որևէ արտակարգ միջադեպ չի եղել»,- ասաց Հակոբյանը:
Մեր զրույցից հետո արդեն «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ խուզարկություն իրականացնողները, ովքեր եկել են Արթուր Վանեցյանի բնակարան, պարզապես շփոթել են հասցեն: