Անդրանիկ Քոչարյա՛ն, հայրենիքը լրագրողները չեն հանձնել, այլ Ձեր քաղաքական թիմի առաջնորդը

Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հիստերիայի հերթական նոպան ունեցավ լրագրողների հետ շփվելիս:

Ինչպես ցուլն է կարմիր կտոր տեսնելիս գազազում, այնպես էլ հայրենի իշխանական պատգամավորն է նյարդային ցնցումների մեջ ընկնում ու կորցնում ինքնատիրապետումը, երբ տեսնում է ընդդիմադիր լրագրողների, մասնավորապես՝ «5-րդ ալիքի» բարձրախոսը:

Լրագրողն ընդամենը հարց էր ուզում ուղղել Անդրանիկ Քոչարյանին, երբ նա հանկարծ հասկացավ, որ կարող է «5-րդ ալիքի» բարձրախոսից կորոնավիրուսով վարակվել:

Այնուամենայնիվ, երբ Անդրանիկ Քոչարյանը մի պահ դադարեցրեց իր անկանոն շարժումներն ու անիմաստ խուսանավումները, լրագրողին մի կերպ հաջողվեց տալ իր հարցը, որը հետևյալն էր՝ այդ փաստաթուղթը ստորագրած վարչապետը կարո՞ղ է մնալ իշխանության:

Այն, ինչ կատարվեց հետո, շատ հուզիչ էր:

– Այ, ձեր հեռուստաալիքը լավ կանի….

– Մեր հեռուստաալիքին մի կպեք, այդ հարցը բոլորին է հետաքրքրում: Որպես լրագրող եմ հարցնում:

– Ձեր հեռուստաընկերությունը լավ կաներ առավոտից իրիկուն…

– Դուք վերջին շրջանում միայն մեր հեռուստաընկերության չէ, բոլորի նկատմամբ եք վատ տրամադրված, պարոն Քոչարյան:

– Ձեր հեռուստաընկերությունը՝ «5-րդ ալիքը», լավ կաներ իր ղեկավարների հետ մեկտեղ ամեն ինչ աներ, որ մեր երկիրը չթուլացներ: Դուք ամեն ինչ արել եք, որ մեր երկիրը թուլանա: Այ, ձեր հեռուստաալիքը:

– Ո՞ր երկիրը… որի հողերը…

– Հայաստանի Հանրապետությունը և Պաշտպանության բանակը՝ նույնպես: Եվ էլ հարց չտաք դուք ինձ:

Նկատենք, որ ողջ ընթացքում Անդրանիկ Քոչարյանը մատ էր թափ տալիս, հայացքով խեթում էր լրագրողին ու ակնհայտ ադեկվատության խնդիր ուներ:

Հաջորդիվ հարց հնչեց պատգամավոր Վարդան Աթաբեկյանի՝ իրենց՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը լքելու մասին: Փոքրիշատե հանգստացած Քոչարյանը կրկին բորբոքվեց, երբ հարց տալու իր իրավունքից փորձեց օգտվել կրկին «5-րդ ալիքի» լրագրողը:

Հասկանում ենք, իհարկե, Անդրանիկ Քոչարյանի հոգեվիճակը: Հավանաբար բարդ է հող հանձնած վարչապետի թիմի անդամ լինել: Բայց նա պետք է, այնուամենայնիվ, գիտակցի, «5-րդ ալիքը» և մնացած լրագրողները չեն դավադիր փաստաթուղթը ստորագրել, հանձնել Արցախն ու ականներ դրել Հայաստանի պետականության տակ:

Հանգստացնող դեղամիջոցներ ընդունեք, պարոն Քոչարյան, Դուք դեռ ժողովրդի մեջ դուրս գալու խնդիր ունեք, Դուք դեռ ոչ թե լրագրողների, այլ հասարակ քաղաքացիների հարցերին պետք է պատասխանեք, դեռ պետք է որդեկորույս մայրերի, երիտասարդ այրիների ու որբ երեխաների հայացքներին դիմանաք, դեռ պետք է մայրերին վերադարձնեք նրանց նահատակված որդիների անթաղ մարմինները:

Դժվար է, իհարկե, գիտակցել, որ դավաճանության պատասխանատվության քո բաժինը պետք է կրես, որովհետև ի պաշտոնե նաև պաշտպանության հարցերի համար ես եղել պատասխանատու, բայց լրագրողները դրանում մեղք չունեն:

Այնպես որ, մի կորցրեք ինքնատիրապետումը, Ձեզ դեռ շա՜տ ծանր օրեր են սպասում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս