«Փաշինյանը Ադրբեջանի դրոշի օրն Արցախը տվեց թուրքերին, հիմա այդ պատերազմը փորձում է տեղափոխել Երևան». Արսեն Բաբայան
«Դավաճանների մտադրությունների վրա բոլորը թքած ունեն, Նիկոլ Փաշինյանն իր մտադրությունները թող իրեն պահի»,- այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն որերորդ օրն է՝ հանրահավաք է իրականացվում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե մտադրություն չունի հրաժարական տալու:
«Ինքը մտադրություն ուներ Արցախը հանձնելու՝ հանձնեց, հիմա մի փոքր ժամանակ է մնացել, որ գոնե կարողանանք մի փոքր բան փոխենք, մի փոքր հայանպաստ բան բերենք այդ պայմանագրում: Վաղուց մենք պետք է հաշվի չառնեինք, թե ինչ նպատակներ ունի կամ չունի Նիկոլ Փաշինյանը, պետք է հեռացվի: Եթե Նիկոլ Փաշինյանը չհասկանա, թասիբ չունենա, ընդ որում, ասեմ, որ հիմա Նիկոլ Փաշինյանն իրեն պատերով է տալիս, միայն այն ձերբակալությունները, որ իրականացվեց երեկ, այդքան ապօրինի քաղաքական հետապնդումները, որ իրականացվեց երեկ, դա խոսում է հենց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրեն պատեպատ է տալիս, և այդ պատերից մեկը կկոտրվի ու կընկնի, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ուղղակի կվռնդի, որովհետև դավաճանները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին»,- ասաց Արսեն Բաբայանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանն իր դիրքը լքել է, և գուցե այդ պատճառով էլ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք, Արսեն Բաբայանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին տվեց, Նիկոլ Փաշինյանը դասալիք է ի սկզբանե, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ զինվորական ծառայության չմեկնելու համար օգտվել է առիթից, որ իբր իր եղբայրը ծառայության մեջ է: Ես անձամբ եմ եղել Շուշիում, Շուշիի պաշտպանությունում՝ պարոն Վանեցյանի հրամանատարությամբ: Պարոն Վանեցյանը հենց առաջինն էր կանգնած մեր զորքի դիմաց և անձամբ էր կռվում թուրքի դեմ: Կրկնում եմ՝ պարոն Փաշինյանը գլուխը պատին է տվել, դավաճանի ասածն ընդհանրապես հաշվի պետք չէ առնել, պետք է հարցնել Գլխավոր շտաբին, Պաշտպանության նախարարությանը: Մեր զորախումբը գործել է Պաշտպանության բանակի հրամանատարության ներքո և իրականացրել է Պաշտպանության բանակի խնդիրները, հանձնարարականները: Երբ պաշտպանության բանակը որոշել է՝ մենք որտեղ պետք է լինենք և ինչ խնդիր պետք է իրականացնենք, ընդ որում, ծանրագույն խնդիրներ, ամենաբարդ տեղերում, մեր տղաներն իրականացրել են: Կարծում եմ՝ իմաստ չունի ասել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել, միշտ հիշեք՝ Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տվել, Նիկոլ Փաշինյանը պետք շտապ ռադը քաշի, գնա իշխանությունից»:
Դիտարկմանը, որ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ժողովրդին՝ վրեժի կոչ արեց, Արսեն Բաբայանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանը փորձում է պատերազմն Արցախից տեղափոխել Երևան: Արցախը ծախեց, հանձնեց, Ադրբեջանի դրոշի օրն Արցախը տվեց թուրքերին և հիմա այդ պատերազմը փորձում է տեղափոխել Երևան: Եթե Աստված չանի, Երևանում այդպիսի որևէ իրադարձություն տեղի ունենա, ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հետագա աստիճանն օրենքից դուրս որքան կլինի: Ինչքան էլ երազի՝ քաղաքացիական պատերազմ Երևանում, Հայաստանում չի՛ լինելու, գիտեմ՝ ինքը երազում է, կարծում է, թե դա իր փրկության միակ ձևն է, բայց եթե բանը հասնի դրան, ապա ինքը հենց այդ պատերազմում էլ կսատկի»: