«Նիկոլ Փաշինյան, եթե կարող ես ետ բերել նախկինների խայտառակ փաստաթուղթը, հետ բե՛ր, որովհետև այդտեղ կար Արցախի կարգավիճակ, այդտեղ չկար Շուշի, Հադրութ, Մարտունու մեծ մասը: Դու հանձնել ես այդ տարածքները…». Արփինե Հովհաննիսյան

«Ես ուզում եմ, որ ձեզ բացատրեմ, թե ինչու եմ այսօր եկել այստեղ: Ես ուզում եմ, որ դա իմանա Նիկոլ Փաշինյանը, «Էրատոյի» հրամանատարը, ոստիկանները, բերման ենթարկող մյուս իրավապահ մարմինները: Տղերք, առաջին երկուսը մերոնք չեն, դուք մերոնք եք: Եկել եմ այստեղ մի պարզ պատճառով. Ես ուզում եմ վաստակել հայրենիք ունենալու իրավունքը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թափած արյունը հանուն ոչնչի չլինի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Նշեց, որ եկել է այստեղ խոսելու այս փոքր պետության մեծ արհավիրքի մասին, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան:

«Այստեղ հավաքվածներից և որևէ մեկն իշխանություն չի ցանկանում: Իշխանությունը պետք է բացառապես Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը: Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, Հայաստանին ու Արցախին: Կհարցնեք՝ ինչո՞ւ, բացատրեմ: Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, որոնք բերեցին այս աղետին: Դուք պարտավոր եք լսել, տարածել ու հասկանալ: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հարց ունեմ, պարոն Փաշինյան, դա ի՞նչ է նշանակում: Շուշին Ադրբեջան է, և վե՞րջ: Իսկ գուցե փոխելու եք կարգախոսն ու ասեք՝ Երևանը Հայաստան է, և վերջ, որովհետև հանձնել եք Սյունի՞քը…»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, սա միջազգայնորեն ստանձնված ՀՀ պարտավորություն է՝ պետությունների միջնորդությամբ:

«Այս փաստաթուղթը սկսել է կատարվել, և մնացել են հաշված ժամեր իրենց տները վառած քարվաճառցիների՝ գաղթի ճանապարհը բռնելուն, եթե, իհարկե, չեն արել դա: Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում: Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր: Այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության տակ: Շատ կարևոր է, որ նոր բանակցողը, ով ուզում է դա լինի, կարողանա ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի պես անհավասարակշիռ, անգրագետ, անփորձ, անդաստիարակ, այլ՝ հավասարակշիռ անձնավորություն»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Բանակցությունները սեփական կետից սկսելն Արփինե Հովհաննիսյանը համարեց Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան սխալը, իսկ պատերազմի ընթացքում՝ 44 օր շարունակ մեր ազգին ու Սփյուռքին խաբելը:

«Ուզում եմ դիմել Սփյուռքին: Հիշո՞ւմ եք, որ ամառները Հայաստան էիք գալիս, որ ժպիտ էիք տեսել մարդկանց դեմքերին, էլ չեք տեսնելու… Իսկ մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու, որովհետև այս փաստաթղթով Նիկոլ Վովայի Փաշինյանը ցամաքային կապով կապել է Մեղրիին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ և Արցախի համար պատերազմը, և այժմ երրորդ պատերազմն է նախապատրաստում Հայաստանի սահմանների շուրջ:

«Նիկոլ Փաշինյանը, այդ կյանքով մեկ ձախողակը, հաջողացրեց Հայաստանի համար կնքել բոլոր տարբերակներից վատագույնը, բոլոր երեք նախագահների ժամանակ սեղանին դրված փաստաթղթերից այս մարդն ընտրեց վատագույնը: Որովհետև երբ հոկտեմբերի 14-ին Փաշինյանը լայվ էր մտնում, ասում էր, որ մեզ խայտառակ փաստաթուղթ են թողել, բայց մենք հերոսաբար պայքարում ենք, նա գիտեր՝ ինչ վիճակ է ռազմաճակատում: Եթե ես գիտեի, նա գիտեր ու գիտեր: Եվ ես խնդրում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան, եթե կարող ես ետ բերել նախկինների խայտառակ փաստաթուղթը, հետ բեր, որովհետև այդտեղ կար Արցախի կարգավիճակ, այդտեղ չկար Շուշի, Հադրութ, Մարտունու մեծ մասը: Դու հանձնել ես այդ տարածքները…»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նոր բանակցող չի նշանակում՝ նոր պատերազմ, այլ՝ նոր շանս, որ ամեն կետի տակ եղած վտանգավոր ականները չեզոքացվեն:

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս խայտառակ կապիտուլյացիայով Նիկոլ Փաշինյանը լուծել է Արցախի հարցը, հայտարարում եմ՝ նա չի լուծել ոչ Արցախի հարցը, այլ կողքին գումարել է Հայաստանի հարցը… Նրա դիմաց պատերազմի ամեն 5-րդ օրը դրվել է փաստաթուղթ, որն ավելի լավն է եղել, քան հաջորդը… Պարոն Փաշինյան, բացատրիր՝ ինչո՞ւ չէիր ստորագրում…»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս