«Դիմում եմ իրավապահ և ուժային կառույցների ղեկավարների՝ միացե՛ք ժողովրդին». Միքայել Մելքումյան

Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կարելի էր խուսափել այն հայտարարությունից, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ մեր իշխանություններին պատերազմի ժամանակ  առաջարկվել է զինադադարի առավել հարմար տարբերակ, որին չեն համաձայնել:

«Սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի 3-րդ օրը, Ռուսաստանի Պետական դումայից ինձ ուղարկվեց մի փաստաթուղթ իմ գործընկեր հանձնաժողովի նախագահի կողմից և Դումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինի հանձնարարությամբ ՀՀ պառլամենտին և Ադրբեջանի մինի-մեջլիսին, որ անմիջապես դադարեցնել կրակը, և, որ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստ են մի քանի ժամվա ընթացքում ժամանել Երևան, Երևանից՝ Ստեփանակերտ, հետո՝ Բաքու: Ինձ զանգ տվեց իմ գործընկեր Կալաշնիկովը, ասաց՝ ես պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ այս փաստաթղթի մասին և մեր մտադրության մասին: Ասացի՝ իսկ ի՞նչ եք անելու, ասաց՝ ես ունեմ ամենաբարձրագույն մանդատը, որ կգանք այդտեղ, և մենք կնստենք բանակցությունների, կդադարեցնենք կրակը, այդ ժամանակ խաղաղապահների մասին խոսք չկար, խոսքը ռազմական դիտորդների մասին էր: Ես սրա մասին զեկուցել եմ համապատասխան՝ որպես պառլամենտի մշտական հանձնաժողովի նախագահ, ոչ մի արձագանք, ընդամենը արհամարհանք այս փաստաթղթի նկատմամբ, որն իմ անունով ԱԺ-ն անմիջապես ստացավ»,- ասաց Մելքումյանը:

Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ երեկ դատարանի դահլիճից ազատ արձակված քաղաքական գործիչներն այսօրվա հանրահավաքից րոպեներ առաջ նորից կանչվել են քննչական մարմիններ: Պատգամավորը ուժային կառույցների ներկայացուցիչներին և բոլորին կոչ արեց միանալ իրենց հանրահավաքներին:

«Դիմում եմ իրավապահ և ուժային կառույցների ղեկավարներին՝ միացե՛ք ժողովրդին:  Եթե մենք տալիս ենք Արցախը, մենք տալու ենք ամբողջ Հայաստանը»,- ասաց Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում սերմանվում են  հակառուսական տրամադրություններ, այդ մասին խոսել են նաև ռուս փորձագետներն ու պատգամավորները.

«Երբ ասում էինք՝ նման բան կա, ասում էին՝ դավաճանական բաներ եք ասում, հիմա ո՞վ է դավաճանը, մե՞նք, թե՞ դուք»:

Ինչ վերաբերում է տխրահռչակ հայտարարության 9-րդ կետով Ադրբեջանին Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ տալուն, Մելքումյանն ասաց, որ նման փորձ էլի է եղել, սակայն դա արգելակել է Կարեն Դեմիրճյանը:

Տեսանյութեր

Լրահոս