«Մեզ սպանելու կոնկրետ կոչեր են հնչում». Իվետա Տոնոյան

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ու իր գործընկերները սպառնալիքներ են ստանում տարբեր օգտատերերից:

«Մեր հրապարակային հայտարարությունների հետ կապված կոնկրետ սպառնալիքներ են իջեցվում, հաշվեհարդարի և մեզ սպանելու կոնկրետ կոչեր են հնչում: Դրանց մեջ կան նաև իրական օգտատերեր: Ճնշող մեծամասնությունը ֆեյքային ինդուստրիայի ներկայացուցիչներ են, սակայն կան նաև իրական օգտատերեր, զոմբիլենդի վառ ներկայացուցիչներ, ովքեր իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ լուրերի արդյունքում տրվում են մեր դեմ հաշվեհարդար իրականացնելու՝ իշխանության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարվող անձանց կողմից իջեցված հրահանգներին»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ իրավական գործընթաց նախաձեռնելու են, բայց իրենց չի վախեցնում և չի լռեցնելու իրենց հասցեին հնչեցվող սպառնալիքը:

«Երբ զոհասեղանին դրված է հայրենիքի ճակատագիրը, մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը երկրորդական է դառնում»,- ասաց Իվետա Տոնոյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավորը նաև հիշեցրեց նախօրեի իր պնդումը, որ «Իմ քայլը» խմբակցությունը զինում է մարդկանց և հրահրում բախումների:

«Այո, ես ունեմ հստակ տեղեկատվություն, որ իշխանությունները  կոնկրետ իրենց կողմից վարձած անձանց հագցնում են ազատամարտիկի համազգեստ, այսօր նաև փաստեր են հրապարակվել, որ դրանցից մեկը Կառավարության սպասարկու ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, որը Գորիսից այն կողմ անգամ չի գնացել, բայց մեզ հետ հաշվեհարդար տեսնելու, մեզ սպանելու, մորթելու կոչով հանդես է եկել ազատամարտիկի հագուստով: Սա անարգանք է ազատամարտիկի համազգեստի, զինվորի համազգեստի նկատմամբ: Սրբապղծության որևէ չափանիշ չկա իշխանության համար»,- ասաց Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս