Ստորագրել է 950.000 հեկտար հող հանձնելու տակ, երբ Ալիևը պատերազմը սկսելուց առաջ դրա մասին չէր էլ կարող երազել. Շարմազանով
Այսօր ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր հրավիրված է եղել ՀՔԾ, արդեն հասցրել է ներկայանալ և գալ հանրահավաքի: Հիշեցնենք՝ հանրահավաքների առաջին օրը ՀՀԿ խոսնակին տարել էին ԱԱԾ, ապա ձերբակալել՝ ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել: Երեկ նա դատարանից ազատ էր արձակվել:
«Հրավերը պայմանավորված էր նրանով, որ իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Բայց այս ձերբակալությունները խայտառակություն են, սրանք ոտքից գլուխ սարքովի քաղաքական ձերբակալություններ են, որոնց նպատակն է՝ մեզ շեղել մեր արդար ճանապարհից, մեզ ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովրդին»,- ասաց Շարմազանովը և ավելացրեց, որ իրենց ձերբալությունները ոչինչ են այն մարդկային և տարածքային կորուստների դիմաց, որ ունեցել է հայ ժողովուրդը:
«950 հազար հեկտար հող են հանձնել: Ստորագրել է դրա տակ, այն դեպքում, երբ պատերազմից առաջ Ալիևը չէր էլ կարող երազել, որ նման վերջաբան կլինի: Ալիևի երազանքը եղել է 5+2-ը, 5-ը՝ սկզբում, 2-ը՝ ընթացքում տարիների: Ի՞նչ ունենք, ունենք 5+2, Հադրութ հանձնված, ունենք Շուշի հանձնված, Թալիշ և Մատաղիս հանձնված, Դադիվանք հանձնված և մի ամբողջ սերնդի կորուստ, ինչից կարելի էր հնարավորինս խուսափել, եթե իշխանության գլխին կանգնած մարդը մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու մասին, այլ մտածեր պետության անվտանգությանը ծառայելու մասին»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ վերջինն ի վիճակի չէ ապահովել հայկական երկու պետությունների անվտանգությունը:
«Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ և ապացուցել է, որ ի վիճակի չէ ապահովելու հայ ժողովրդի, հայության, Արցախի ու Հայաստանի անվատանգությունը: Բարոյական իրավունք էլ չունի»,- ասաց ՀՀԿ խոսնակը և հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Արցախյան խնդրի կարգավորման ցանկացած որոշման նախագիծ քննարկել հայ ժողովրդի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում երկու անգամ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ: 168.am-ի հարցին, թե այդ հանդիպումների ժամանակ իրենց այս փաստաթղթի մասին որևէ բան ասվե՞լ է, Շարմազանովը պատասխանեց.
«Ոչ, ոչ»:
Նա նաև ավելացրեց, որ իրենց հանդիպումների ժամանակ Շուշիի մասին դեռ խոսք անգամ լինել չէր կարող, ավելին, վարչապետը մինչև վերջին պահը պնդում էր, որ Շուշիի համար մարտերը դեռ ընթանում են:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում