Բաժիններ՝

Բուժաշխատողներն ահազանգում են, փոխնախարարը՝ կտրականապես հերքում

Բժշկական հաստատություններից 168.am-ը ահազանգեր է ստանում, որ բուժաշխատողներին սպառնում են Արցախի կապիտուլյացիացի ամոթալի փաստաթուղթը ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու դեպքում պատիժներ կիրառել նրանց նկատմամբ: Խոստանում են աշխատանքից ազատել, վարչական տույժերի ենթարկել, առավել անհնազանդներին սպառնում են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) հրավիրելով: Անգամ ֆեյսբուքյան այս կամ այն գրառումը հավանելն է խնդիր:

«Որևէ այլ պարագայում իշխանափոխության պահանջով հանրահավաքի գնալ թույլ չտալը դեռ մի կերպ կարելի էր ընկալել, բայց այս դեպքում, երբ հանձնված է Արցախը, որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ»,- ասում էին մեզ զանգահարած բուժաշխատողները:

Հարցին՝ թե ով է արգելում, պատասխանեցին՝ հաստատությունների ղեկավար կազմերը:

«Բայց իրենք մեղավոր չեն, իրենց էլ են ստիպում մեզ արգելել: Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն անձամբ է զբաղվում այդ հարցով»,- ասացին մեզ:

Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը նախկինում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակից է եղել:

Տարակուսելով, որ փաստորեն քովիդով հիվանդների բուժման կուրացիայով զբաղվելուն զուգընթաց՝ առողջապահության փոխնախարարն այնքան ժամանակ ունի, որ անձամբ է զբաղվում մարդկանց՝ հանրահավաքներին գնալը կանխելով, լուրը ցանկացանք ճշտել հենց փոխնախարարից:

Չնայած ուշ ժամին՝ Արտյոմ Սմբատյանը պատրաստակամությամբ պատասխանեց մեր հարցերին:

«Բացարձակապես ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ընդհանրապես: Խնդրում եմ՝ Դուք ինձ ասեք՝ ո՞ր բուժհիմնարկներն են, որ իմ անձի հետ կապված՝ նման ինֆորմացիա են տարածում»,-ասաց Արտյոմ Սմբատյանը՝ հավելելով, որ զրպարտության համար դատի է տալու իր անունը արատավորողներին:

Փոխնախարարին տեղեկացրեցինք, որ մեր խմբագրություն ներկայացած անձինք, հասկանալի պատճառներով, չեն ներկայացել, հետևաբար մենք չէինք կարող առանց իր հետ զրուցելու՝ տեղեկատվությունը հրապարակել:

«Նման տեղեկություն եթե տեսնեմ, ուղղակի դատարան եմ տալու, որովհետև դա բացարձակապես սուտ տեղեկատվություն է»,-հայտարարեց առողջապահության փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս