«ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խնդրել է 7 օր ժամանակ տալ». Էդմոն Մարուքյան

Երբ սեպտեմբերի 27-ին հարձակվեցին Արցախի վրա և ագրեսիա սկսվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, չենք ընդունելու, որ մենք պարտվել ենք, այսինքն՝ պատերազմի առաջին օրը խոսում էր պարտության մասին։ Այդ ժամանակ ես ելույթով հանդես եկա և ասացի, որ հիմա ոչ զոհվելու, և ոչ էլ պարտության մասին խոսելու ժամանակը չէ։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բայց քանի որ արդեն տեղեկություն կար, որ մենք դիրքային կորուստներ ունենք, ասացի՝ տվե՛ք, հրաման, որ գնան  առաջ, ետ վերադարձնեն, իսկ հիմա ո՛չ պարտության, ո՛չ զոհվելու մասին խոսելու ժամանակը չէ։ Պատերազմի մնացած օրերին բազմաթիվ գործողություններ են արվել մեր կողմից, իսկ վերջին օրերին, երբ մենք գիտեինք, որ զոհերի թիվը իրական չի ներկայացվում, ունենք տարածքային մեծ կորուստներ, և վիճակը ծանր է, պահանջեցինք, որ լինի Անվտանգության խորհրդի նիստ, որը շուրջ երկու շաբաթ չէր լինում։ Ի՞նչ է տեղի ունենում, վարչապետը ինձ նամակ է գրում և ասում է, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կհանդիպենք՝ կխոսենք, ես էլ պատասխանեցի, որ, եթե կայուն լիներ, չէինք նախաձեռնի։ Հանդիպումը տեղի չի ունենում, և մի քանի ժամ անց ստորագրվում է այս փաստաթուղթը։ Այսինքն՝ ժողովուրդ ջան, չկարծեք, թե միայն ձեզ են խաբել, մեզ էլ են խաբել. խաբել են  բոլորիս»,- ասաց Մարուքյանը։

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ այսօր հանդիպել է ՀՀ-ում իր համար ամենավստահելի պաշտոնյայի՝ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, երկար զրուցել են, որի ընթացքում նրան տեղեկացրել է, որ կա նախաձեռնություն ռազմական դրությունը հանելու մասին։

«ԳՇ պետն ինձ հորդորել և խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կապված սահմանին վտանգի հետ։ Ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ երկրում սկսեն քաղաքացիական և քաղաքական պրոցեսներ։ ԳՇ պետը խնդրել է, որ առնվազն  7 օր ժամանակ տանք։ Ես ընդունել եմ նրա առաջարկ-հորդորը, խնդանքը, մենք քննարկել ենք և որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու մասին նախաձեռնություն կլինի 7 օր անց»,- ասաց Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս