Բաժիններ՝

«Արտյոմը վառվող տանկի միջից վիրավոր ընկերոջը դուրս է բերել՝ չմտածելով իր կյանքի մասին». զոհված զինծառայողի քույր

Արցախում զոհված Արտյոմ Տիգրանի Առաքելյանը 22 տարեկան էր, մայրաքաղաք Երևանից: Նրա քույրը՝ Անահիտը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրն ապագա բժիշկ էր, ուսումը կիսատ էր թողել, մեկնել ծառայության՝ վերադառնալու և շարունակելու նպատակով:

«Եղբայրս շատ հանգիստ բնավորություն ուներ, շատ ընկերասեր էր, մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր, շատ նվիրված էր բոլորին՝ ընտանիքից մինչև ընկերներ: Արտյոմը 4 տարի ուշ գնաց բանակ, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում էր սովորում՝ ապագա ատամնաբույժ էր: Օրենքը փոխվեց, որ նույնիսկ բժշկականի ուսանողները պետք է գնան զինվորական ծառայության, հետո հետ գան, շարունակեն, 4-րդ կուրսից ինքը գնաց»,- պատմեց Անահիտը:

Արտյոմի հայրն էլ էր ատամնաբույժ, որդին որոշել էր հորը նմանվել՝ լավ ատամնաբույժ լինել, որոշել էր սեփական կլինիկան ունենալ:

«Մենք 2 երեխա ենք՝ ես ու եղբայրս, քանի որ ես ամուսնացած եմ Արտյոմն ապրում էր մամայի հետ, պապային 5 տարի առաջ ենք կորցրել… Պապան էլ էր ատամնաբույժ, ու Արտյոմը միշտ երազում էր, որ պապայի նման ատամնաբույժ դառնա: Ուզում էր ուսումը շարունակեր, ավարտեր, դառնար պապայի նման ատամնաբույժ, ունենար իր կլինիկան, դա իր երազանքն էր, նպատակն էր»,- պատմեց Անահիտը:

Քույրը հիշում է, որ Արտյոմը, բացի ատամնաբույժի աշխատանքից, սիրում էր նաև արծաթե կախազարդեր պատրաստել.

«Արծաթի վրա նկարներ էր կարողանում փորագրել, կախազարդեր էր պատրաստում, ասում էր՝ դա էլ կողքից բիզնես եմ անելու»:

Արտյոմը ծառայության էր մեկնել 2020 թվականի հունվարին, հոկտեմբերի 31-ին լրանալու էր նրա 23-ամյակը, սակայն դեպքն ավելի շուտ տեղի ունեցավ.

«Ծառայության 9 ամիսը լրանալու օրն է դեպքը եղել՝ հոկտեմբերի 23-ին, դեպքից 1 շաբաթ հետո պետք է 23 տարեկան դառնար: Իր զոհվելուց մոտ 10 օր առաջ վիրավոր ընկերոջը վառվող տանկի միջից դուրս էր բերել՝ չմտածելով իր կյանքի մասին: Մեզ հենց այդ տղան է պատմել, ում որ Արտյոմը փրկել է»:

Արտյոմը քրոջ և մոր հետ խոսելիս հավատացրել էր, որ ամեն բան կարգին է իր մոտ, անհանգստանալու որևէ պատճառ չկա:

«Ասաց՝ ամեն ինչ շատ լավ է, վախենալու ոչինչ չկա, մի հավատացեք համացանցին, այդքան պանիկայի մեջ մի ընկեք, մենք ապահով տեղում ենք: Միշտ մեզ դուխ էր տալիս, որ չվախենայինք, չմտածեինք»,- պատմեց Արտյոմի քույրը՝ Անահիտը:

Արտյոմի մտերիմ ընկերը՝ Ստյոպան, պատմեց, որ միասին համալսարանում են ծանոթացել և սկսել ընկերություն անել: Ընկերոջը նա բնութագրեց՝ բարի, խաղաղասեր և ընկերասեր մարդ:

«Ինքը պետք է բժիշկ դառնար, ու երևի ամենալավը հենց իրեն էր համապատասխանում այդ մասնագիտությունը, որովհետև այդ տեսակ մարդը, որ այդքան բարություն ու մարդասիրություն ուներ իր մեջ…  Չգիտեմ, ես այդպիսի մարդ չեմ տեսել, այդպիսի ընկեր ունենալը շատ մեծ բախտավորություն էր ինձ համար: Ես շատ երջանիկ եմ, որ իր ընկերն եմ: Ինքը շատ ընկերասեր էր, ամեն ինչին հասնող էր, ձեռք մեկնող էր, երբեք չի եղել մի դեպք, որ ես իրեն մի բան խնդրեմ՝ ինքն ինձ մերժի կամ ոչ պատասխանը տա: Միշտ պատրաստ էր ամեն ինչում կողքս կանգներ: Վերջին անգամ, երևի թե ես եմ խոսել  իր հետ՝ հոկտեմբերի 20-ին: Զանգեց, ասաց, որ տեղափոխում են, հնարավոր է՝ այնպիսի տեղ գնան, որ կապ չլինի, և մի քանի օր չզանգի, ասաց, որ տանեցիների հետ խոսել է արդեն, ես էլ փոխանցեմ ընկերներին, որ ամեն ինչ նորմալ է, հետս խոսել է, մի քանի օր, որ չզանգի՝ չանհանգստանան: Անցավ մոտ 1 շաբաթ, իմացանք, որ հոկտեմբերի 23-ին զոհվել է»,- պատմեց Արտյոմի ընկերը:

Արտյոմ Տիգրանի Առաքելյանը հուղարկավորվել է Երևանում՝ իր հայրիկի կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս