Բաժիններ՝

«Արմենակը հերոս տղա էր, իր կյանքը նվիրեց հային ու հողին». զոհված զինծառայողի եղբայր

Արցախում զոհված Արմենակ Բագրատի Խաչատրյանը Շիրակի մարզի Կամո համայնքից էր, 19 տարեկան, ապրում էր ծնողների հետ, ունի 2 քույր: Նրա հորաքրոջ որդին՝ Դենիս Պապիկյանը, 168.am-ի հետ զրույցում եղբորը բնութագրեց՝ բարի, աշխատասեր, ընկերասեր, մեծերի նկատմամբ հարգանքով և, ամենակարևորը, շատ հայրենասեր տղա: Ասաց, որ մինչև զորակոչվելն Արմենակը ոսկերչություն էր սովորում, նպատակ ուներ ծառայությունից վերադառնալ և շարունակել ուսումը:

«Արմենակը տան փոքրն էր՝ դաստիարակված, մեծին հարգող, բարի և խելացի տղա էր: Վայելում էր Կամո համայնքի բոլոր բնակիչների սերն ու հարգանքը՝ մեծից փոքր: Սովորում էր Գյումրու արհեստագործական ուսումնարանում՝ ոսկերչական բաժնում: Նվիրված էր իր գործին, իր ուսումին, կիսատ թողեց ամեն ինչ, որ ծառայությունից հետո շարունակեր: Հիմա, որ իր գործիքներին նայում ենք… Իր նպատակների ու երազանքների մասին զրուցել ենք, ուզում էր գար՝ իր ուսումը շարունակեր, իր գործն ունենար, ծնողներին թև ու թիկունք լիներ, ընտանիք կազմեր, ծաղկեցներ իր հայրենի օջախը…»:

Արմենակը զորակոչվել էր 2019 թվականի դեկտեմբերին, եղբայրն ասում է, որ շուտով ծառայության 1 տարին կլրանար, սակայն ծառայության ամբողջ ընթացքում ոչ մի անգամ դժգոհություն չէր հայտնել բանակից.

«Ծառայությունից ընդհանրապես բողոք չի ունեցել, ինչքան իր հետ կապի մեջ ենք եղել, միշտ գոհ ու շնորհակալ է եղել հրամանատարական կազմից, զինվորական շրջապատից, առօրյայից: Անգամ պատերազմական օրերին, երբ զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, շատ լավ է, դուխներդ տեղը պահեք, մենք կհաղթենք, մինչև վերջ էլ իր դուխը տեղը, հայրենասիրությունը տեղը, ռազմական ոգին տեղը, մի վայրկյան վախ չի ունեցել, ոչ էլ մտքի ծայրով անցել է, որ ռազմի դաշտը թողնի, միշտ մտածել է՝ առաջ գնա»:

Դենիսը պատմեց, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել են հոկտեմբերի 23-ին, դրանից հետո կապն ընդհատվել է.

«Մոտ 2-3 օր ինքը չզանգեց, սկսեցինք անհանգստանալ: Քեռիս ինչ-որ վատ բան էր կանխազգում, վատ էր զգում, անընդհատ տղայից էր խոսում: Մենք էլ համոզում էինք, որ գուցե կապի խնդիր է, դիրքերում են, մի քանի օրից հնարավոր է կապի դուրս գա… Հոկտեմբերի 26-27-ն էր, մեզ զանգեցին Գյումրու դիահերձարանից ու այդ բոթը հայտնեցին: Այդ լուսաբացը մեզ համար շատ դաժան եղավ… Ինքը հերոս տղա էր, իր կյանքը նվիրեց հային ու հողին…»:

Արմենակ Խաչատրյանին հուղարկավորել են հայրենի Կամո համայնքում, ընտանեկան գերեզմանատանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս