«Արձակուրդ էր եկել, երեխեքին կնքեց ու գնաց». Հովհաննեսը Շիրակի մարզի առաջին զոհերից էր
Արցախում զոհված 29-ամյա ավագ-լեյտենանտ Հովհաննես Համլետի Գրիգորյանը Գյումրիից էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա: Նրա մտերիմ ընկերը՝ Արթուր Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննեսը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել և որպես սպա՝ ծառայության էր անցել Արցախում:
«Մոտ 4 տարի առաջ էր ամուսնացել՝ Արցախում, ընտանիքի հետ միասին ապրում էր Մատաղիսում, կինն այնտեղից է: Տղան 2.5 տարեկան է, իսկ աղջիկը՝ 3 ամսական: Ծնողներն ու իրենից 1 տարի փոքր եղբայրն այստեղ՝ Գյումրիում են ապրում»,- ասաց Հովհաննեսի ընկերը:
Վերջին անգամ Հովհաննեսը Գյումրիում եղել էր սեպտեմբերի սկզբին, արձակուրդ էր եկել, հասցրել էր նաև երեխաներին մկրտել.
«Արձակուրդ էր եկել, երեխեքին կնքեց ու գնաց: Գնալուց մոտ 15-20 օր հետո պատերազմը սկսվեց: Ծնողներն ու եղբայրն ավտոմեքենա էին նվեր առել, հենց առաջինն իր ավտոն էլ տրաքացրել էին այնտեղ. Չվայելեց խեղճ տղեն»:
Ընկերը հայտնեց, որ Հովհաննեսի կոչումը բարձրացրել էին, կապիտան էր ստացել, սակայն ամեն ինչ խառնվեց իրար.
«Նոր էր նշանակվել կապիտան, պատերազմից 3-4 օր առաջ հանել էին Թալիշի պոստեր, ինքն ուսումնական գծով էր Մատաղիսում, բայց չգիտեմ ինչի համար՝ հանել էին պոստեր, ասել էին՝ ժամանակավոր, մինչև գաս, հաստիքը փոխենք, այն էլ չհասցրեց… Շիրակի մարզի առաջին զոհերից էր: Դեպքը երևի սեպտեմբերի 27-ի երեկոյան է եղել, որովհետև 29-ին արդեն բերեցին Գյումրի: Մինչև 27-ի ցերեկը հետը կապ է եղել, եղբոր, մոր, հորեղբոր աղջկա հետ էր խոսել, ասել էր՝ արագ հասեք, տնեցիքին տարեք, դե, Մատաղիսում էին ապրում»:
Արթուրը պատմեց, որ ընկերը ծառայությունից երբեք չէր դժգոհում, սակայն վերջին ամիսներին ուզում էր տեղափոխվել Հայաստան, քանի որ հայրը հաշմանդամության խնդիր ունի, ուզում էր ավելի մոտ լինել:
«Ուզում էր տեղափոխվել Հայաստան, այն էլ չհասցրեց… Պատերազմից որոշ ժամանակ առաջ դիմում էր գրել Պաշտպանության նախարարություն, որ ուզում է տեղափոխվել Հայաստան, բայց իր մահանալուց հետո՝ մոտ 10 օր առաջ, նոր պատասխան է եկել, որ պետք է նայեն, տեսնեն՝ իսկապե՞ս հայրը հաշմանդամության խնդիր ունի, որ տեղափոխության համար դիմում գրվի»,- պատմեց Արթուրը:
Հովհաննեսը շատ նպատակներ ուներ, դրանցից մեկն էլ Գյումրիում տուն գնելն էր, սակայն մնացին…
Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Շիրակի գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում: