«Էդ փողը տարեք՝ զենք առեք». Սևանի բնակիչը՝ լճի մոտակայքում գտնվող որոշ կառույցներ քանդելու և տնտեսվարողներին փոխհատուցելու մասին

Այսօր Սևանի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում հանրային քննարկում էր կազմակերպված: Շահագրգիռ անձանց քննարկմանն էր դրված «Արխիտոն» ՍՊԸ-ի` «Սևան» Ազգային պարկի «Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտիավորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը ներկայացրեց, որ նախատեսվում է այդ հատվածում 1905 մետր  նիշում գտնվող կառույցները քանդել, փոխարենը կառուցել ճեմուղի: Տնտեսվարողները դեմ են:

«Կանչեք Քաղշինի նախագահին, Կառավարության անդամներին, մենք հիմա պատգամավոր չունենք, որ պատգամավոր ունենայինք, կգար, կկանգներ կողքներս, մեր ձայնը կբարձրացներ: 3-րդ տարին ա՝ գոռում ենք: Ասում ենք՝ թողեք, մենք մերը կսարքենք, պարտքով փող չենք ուզում, վարկ չենք ուզում, մենք մերը կարում ենք սարքենք, տվեք հնարավորություն՝ մենք մերը կսարքենք, մեր ձեռքից մի խլեք»,- ասաց տնտեսվարողներից մեկը:

Պնդմանը, թե քանդվածը փոխհատուցվելու է, տնտեսվարողներն արձագանքեցին, որ իրենց պետք չէ այդ փոխհատուցումը, եթե պետությունը գումար ունի, թող Արցախ ուղարկի, այդ տարածքների տնտեսվարողներից շատերը հիմա սահմանին են:

«Էդ փողը տարեք զենք առեք, իմ ախպերները բոլորը սահմանին են: Էս ձեր բենզինի փողը, որ էսքան գալիս, գնում եք, տվեք սպրիչ առեք, ժգուտ առեք, սիգարետ առեք: Տղերքին ամեն ինչ պետք ա»,- ասաց տնտեսվարողներից մեկը:

«Փոխհատուցումը թող Ղարաբաղ ուղարկեն, մեզ փոխհատուցում պետք չի, Արցախում ահագին հարցեր ունենք լուծելու, էս էդ ժամանակը չի, որ փոխհատուցում կամ ծախսեր անեն, եթե փող ունի պետությունը, թող ուղարկի Արցախ, ոչ թե հելնեն-ասեն՝ փող չկա, կամ ողորմություն խնդրեն»,- ասաց մյուս տնտեսվարողը:

Մասնակիցներն առաջարկեցին հանրային քննարկումը հետաձգել և հաջորդ անգամ  հրավիրել նաև «պատվիրատուին», եթե  «պատվիրատուն» Քաղաքաշինության կոմիտեն է, ապա՝ կոմիտեի նախագահին:

«Պատվիրատուին ձեռքից բռնեք, բերեք ստեղ: Թող գան մեզ լսեն, երբ պատվիրատուն մեզ կհամոզի, որ մեր տարածքներում ինքն ավելի լավ բան ա մեր տեղը սարքելու, մենք իրեն կհամոզենք, իր տան տեղը գազի զապրավկա կբացենք: Պատերազմի ավարտից հետո կգաք, կնստենք, կխոսենք: Տղերք, Ձեր շտապողականությունն ինչո՞ւմն է, թե՞ մտածում եք, որ մարդիկ ֆրոնտն են, տանենք թափով անցկացնենք, բերենք պայմանագրերը խզենք, սաղի եղածն էլ խլենք գնա, ֆրոնտից բոլորը կհելնեն կգան, կեսն եկել են, մնացածն էլ կգան: Մեր հետ գործ չունեք, սևանցիքից հեռու, մեր հետ եկեք լավ եղեք»,- ասաց տնտեսվարողը:

Տեսանյութեր

Լրահոս