«Կորոնավիրուսի դեմ պայքարը վատ է կազմակերպվել. եթե օդանավակայանում լուրջ աշխատանք տարվեր, այս տարածումը չէր լինի». Կարինե Նալչաջյան
«Կա վախի մթնոլորտ, որն օրեցօր մեծանում է: Մենք վկան եղանք, թե ինչպես Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից հետո որոշակի դադար եղավ, և մարդիկ կարծես թե հանգստացել էին, և մեկ էլ հանկարծ այս դեպքերը: Բնականաբար, մարդիկ վախենում են, մտածում են միջոցներ ձեռք առնելու մասին և նայում այն մարդկանց դեմքին, ովքեր իշխանության լծակներ ունեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով՝ պատկան մարմինների կողմից լրջացման տենդենցներ նկատվում են, միևնույն ժամանակ ընդգծում է՝ ապաշնորհ կառավարում է իրականացվում.
«Այս կորոնավիրուսի տարածման հետ կապված, երբ նայում ենք, թե ինչ ճանապարհ անցանք, սա դեֆեկտիվ կառավարման դասագրքային օրինակ կարող է լինել: Պատասխանատուներն անլուրջ ձևով ընդամենն անհասկանալի հումորներ էին անում այս վիրուսի վերաբերյալ՝ «թու-թու-թու»-ից սկսած՝ մինչև «պինցետները» և այլն: Երբ նայում ես, թե այս տեսանկյունից ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, նույնիսկ այն երկրները, որտեղ համաճարակը դեռ մուտք չի գործել, լրջագույն նախապատրաստական կամ կանխարգելիչ միջոցառումների են դիմում: Հիմա, երբ այդ ամենի կողքին նայում ես՝ մեզ մոտ ինչպիսի վերաբերմունք եղավ այս համաշխարհային աղետալի վիճակի նկատմամբ, ուղղակի մտածում ես, որ մենք ուղղակի լուրջ չէինք: Հիմա արդեն որոշակիորեն նկատվում են լրջության նշաններ, որովհետև դեպքերը շատանում են: Իսկ սա փոքրիկ Հայաստանի համար բավականին լուրջ թիվ է: Շատ կարևոր է ճշգրիտ միջոցառումներ իրականացնել»:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները, հնչեցրած հայտարարությունները, Սևանում նրա ինքնամեկուսանալն ի՞նչ ազդեցություն են թողնում հանրության վրա, նա պատասխանեց. «Նախ՝ ինքնամեկուսացման մասին. կորոնավիրուսից պաշտպանվելու համար ինքնամեկուսացման տարբերակը կա, բայց այն ամենաառաջինը չէ: Ինքնամեկուսացումը հասկանալի է վարակ չտարածելու կամ չընդունելու իմաստով, բայց այն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի: Եթե իմ շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վրա ես չունեմ որոշակի ազդեցություն, իսկ հիմա մեր ձեռքին չունենք միջոցներ, որպեսզի ազդեցություն գործենք, այդպիսի ժամանակ վախեր են տարածվում: Վախերն ուժգնանում են այն ժամանակ, երբ մարդը չունի ազդեցություն իրավիճակի վրա: Հենց որ իրավիճակի ղեկը գոնե ինչ-որ չափով կարողանում ենք մեր ձեռքը վերցնել, այստեղ, ըստ էության, վախը հաղթահարվում է: Հիմա սա այն դեպքն է, երբ մենք չունենք այդ լծակները, բայց ինքնամեկուսացումը մի փոքրիկ լծակ է՝ ես կարող եմ ինքնամեկուսանալ և պաշտպանվել: Երբ վարչապետն ու իր տիկինն ինքնամեկուսանում են, կարելի է կարծել, թե սեփական օրինակով ցույց են տալիս՝ ինչ կարելի է անել, բայց վարչապետն այս պահին այնքա՜ն գործ ունի անելու»:
Հոգեբանը նկատեց՝ քարոզարշավին մարդկանց հրապարակներ տանելը սխալ էր. «Թեպետ, առանձնապես շատ էլ չէին մարդիկ»:
Ըստ նրա՝ Հայաստանում խուճապ չկա. «Բարեբախտաբար, խուճապ չունենք, որովհետև խուճապը մի հոգեվիճակ է, որը բերում է բազմաթիվ բացասական հետևանքների: Փառք ու պատիվ մեր ժողովրդի, մարդիկ կազմակերպված են, և խուճապային տրամադրություններ չկան, բայց չի բացառվում, որ խուճապային տրամադրություններ առաջանան՝ սննդամթերք և այլն գնելու տեսքով: Խուճապն այնպիսի հոգեվիճակ է, երբ այդ խուճապային տրամադրությունների մեջ տարբեր հրեշներ են ծնվում՝ ասեկոսեների տեսքով: Որպեսզի խուճապային տրամադրություններ չտարածվեն, պետք է, նախ և առաջ, լուրջ միջոցներ ձեռնարկվեն, մարդիկ պետք է տեղյակ լինեն, որ իսկապես լուրջ միջոցներ են ձեռնարկվում, ճշգրիտ պատկերը տալ, դրանք չպետք է լինեն ուղղակի հայտարարություններ:
Ինչո՞ւ հենց ինքնաթիռն իջավ Իտալիայից, այդ մարդկանց չմեկուսացրին: Եթե օդանավակայանում լուրջ աշխատանք տարվեր, այս տարածումը չէր լինի: Սկզբնական փուլում վիրուսը երևում է, թե ոչ, կապ չունի. եթե մարդը եկել է երկրից, որտեղ համաճարակն այդպիսի մասշտաբներ ունի, ամեն մեկը պոտենցիալ վարակակիր է: Մարդիկ հիվանդ են, թե ոչ, պետք է անցնեն կարանտին: Եթե դա լիներ, մենք այս վիճակը չէինք ունենա: Վատ է կազմակերպվել, և ինչպե՞ս կարող էր լավ կազմակերպվել, եթե պատասխանատուներն ընդամենը հումորի մակարդակով են մոտեցել հարցին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում