«Անհատներ կան, որոնց մասին մենք մեր երեխաներին մոլորեցնող տեղեկատվություն ենք տալիս». Ազատ Արշակյան
ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատմության դասագրքերի բովանդակության փոփոխության շուրջ քննարկումների առնչությամբ ասում է՝ պետք է պահպանել ողջախոհությունը:
«Կա ողջախոհության կանխավարկած: Այս 25 տարիների ընթացքում պատմությունը խեղաթյուրվել է, հակահերոսները ներկայացվել են՝ որպես հերոսներ, ա՛յ այդպիսի խնդիր կա, որոշ մարդկանց առաջ են բերել հետևի շարքերից, իրականում նրանք չեն եղել առաջին շարքերում: Շառլ Դը Գոլին հարցնում են՝ Ֆրանսիական հեղափոխության մասին ի՞նչ կասեք, ասում է՝ դեռ քիչ ժամանակ է անցել՝ ընդամենը 200 տարի, ինչպե՞ս կարելի է կարծիք հայտնել պատմական իրադարձության մասին, երբ դեռ ամեն ինչ չի հանդարտվել: Իհարկե, չեն հանի այդ դեպքերը պատմության դասագրքերից, բայց անհատներ կան, որոնց մասին մենք մեր երեխաներին մոլորեցնող տեղեկատվություն ենք տալիս: Մոլորեցման դեմ է սա, ըստ երևույթին»:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է՝ մենք պատմությանը սխալ ենք վերաբերվում: Ըստ նրա՝ պատմություն գրողները պետք է զերծ մնան գնահատականներ տալուց.
«Պետք է փոխվի մոտեցումը պատմության հանդեպ, պատմությունը պետք է տա չոր փաստեր, կրթական համակարգը պետք է աշակերտին սովորեցնի վերլուծել՝ իրար կողք դնելով փաստերը: Մեր անհաջողությունների մեծ մասը գալիս է նրանից, որ մեր հանրությունը չի ուզում վերլուծել, նա կա՛մ կուրորեն սիրում է, կա՛մ կուրորեն ատում: Հերոս և հանցագործ հասկացությունները համաշխարհային պատմության մեջ այնքան են իրար նման, և եթե մարդը հերոս է եղել պատերազմի դաշտում, դա դեռ չի նշանակում, որ նա չի կարող հանցագործ լինել, հերոս լինելն ինդուլգենցիա չէ: Մենք պետք է փոխենք մեր տեսակետը պատմության նկատմամբ, մենք պետք է ոչ թե երեխայից պահանջենք, որ նա ասի պատմական իրադարձության օրը, տարին, այլ փաստերն իրար կողք դնելով՝ փորձի գնահատել, գուցե գնահատականները տարբեր լինեն, և դա լավ է»:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով դեռ փետրվարին ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ, կրթության փորձագետներն էլ պնդում են, որ դասագրքերի հեղինակային խումբը նույնիսկ արդեն 2018 թ. հեղափոխությունն է դրել դասագրքում: Ըստ փորձագետների՝ պետք է պատմության դասագրքերից առհասարակ հանել վերջին 20-25 տարիների պատմությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ