«Առանցքային» ընդդիմությունից՝ գրպանային ընդդիմություն կես քայլ է

Այսօր ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես են բոլորիս աչքի առաջ քաղաքական դաշտում իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը փորձում ամեն կերպ հաճոյանալ իշխանական էլիտաներին։ Սրանք հիմնականում այն ուժերն ու անհատներն են, ովքեր իրենց քաղաքական կենսագրության կարևորագույն ձեռքբերումը համարում են «հեղափոխության» օրերին Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելը կամ երբևէ նրա հետ մեկ ընդհանուր քաղաքական թիմում աշխատած լինելու փաստը։ Ասվածի վառ օրինակ հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի վերջին օրերի պրոիշխանական հայտարարությունները և հռետորաբանությունը գրեթե ոչնչով չի տարբերվում «Իմ քայլը» խմբակցության լեքսիկոնից։

Ըստ էության՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հասկանալով, որ Արման Բաբաջանյանի կողմից «քցվելուց» հետո, հնարավոր է՝ նոր «դասալիքներ» ևս ի հայտ գան, փոխել է իր կուսակցապետական դիրքորոշումը և թիմին նոր ցուցումներ տվել (չմոռանանք, որ պառլամենտական ընտրություններից առաջ «Լուսավորում» առաջինը խրամատը լքեց և իշխանական թիմը համալրեց ևս մի լուսավորչական՝ Հայկ Կոնջորյանը, ով ներկայումս իր փաշինյանական գովքով չի զիջում քայլ արածներին)։

Համաձայնեք, որ Մարուքյանը, իրոք, կորցրեց ընդդիմադիր լինելու հնարավորությունը, քանի որ նա մոտ մեկ տարի առաջ կարող էր դառնալ քաղաքական դաշտի իրական առանցքային դերակատար և լուրջ կերպար։ Արդարության առաջ չմեղանչելու համար՝ նշենք, որ այդ օպերացիայում լուրջ դեր կատարեց նաև Փաշինյանը, երբ հանձին Մանե Թանդիլյանի՝ կարողացավ Էդմոն Փաշինյանին, այսպես ասած՝ բլոկել և ընդդիմադիր բևեռ դառնալու հնարավորությունը կանխել հենց սկզբից։

Թանդիլյանին տալով նախարարի պաշտոն՝ նա հիմնովին սահմանափակեց «Լուսավորի» ձայնը, իսկ արդեն հետագան, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է։ Ներկա հանգրվանում մենք տեսնում ենք, որ չնայած Մարուքյանն ու թիմակիցները շարունակում են «թիրախում»  պահել Փաշինյանին՝ «սուր», բայց «գծած սահմանը» չանցնելով՝ քննադատում են իշխանություններին, դրան զուգահեռ՝ մեղմորեն համագործակցում Փաշինյանի օրակարգի շրջանակներում։

Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանն» ինչքան էլ փորձում է դուրս գալ Նիկոլի ստվերից, միևնույն է՝ չի ստացվում, քանի որ բոլոր թելերով ամուր կապված են նրա հետ։ Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է դառնում նաև վերջին օրերին հակա-ՀՀԿ-ական դեմարշը և բացահայտ քննադատությունը նրանց հասցեին:

Մնում է միայն հասկանալ, թե ինչ-պայմանավորվածության դիմաց է Մարուքյանն իր թիմին նման հարվածի տակ դնում, քանի որ պարզ է, որ այս գործելաոճով «Լուսավոր Հայաստանի» հանրային աջակիցների շարքերը նոսրանալու են, ինչպես եղավ ժամանակին ՕԵԿ-ի հետ։

Էդմոն Մարուքյանի և իր թիմի ապագան բավականին մշուշոտ է, քանի որ փաստացի նրանք էլ հասկանում են, որ ներկայումս լինելով խորհրդարանում բավականին պատկառելի թվով (18 հոգի), դա իրենց կարիերայի կիզակետն է, և նման բան այլևս չի լինի։ Նախընտրական շրջանում, որքան էլ նրանք անընդհատ հայտարարում էին, որ իրենք դաշտում միակ ընդդիմությունն են և հենց իրենք են միայն թիրախավորում իշխանությանը, և ոչ մի ուժ չի կարող դա օբյեկտիվորեն անել, միևնույն է՝ այդ բոլորը ֆեյք օրակարգ էր և ընդամենը մանիպուլյացիա։

Սա գիտակցում է նաև Մարուքյանը, նա հասկանում է, որ որպես քաղաքական գործիչ՝ այլևս իրենից լուրջ ֆիգուրանտ չի ներկայացնում, քանի որ չունի քաղաքական հաշվարկի և հոտառության զգացում։

Ըստ էության, քաղաքական դաշտի հստակեցումից և այս ողջ բոլոլայի ավարտից հետո, երբ կլուծարվի խորհրդարանը և կձևավորվի նոր իշխանությունը, Մարուքյանը կվերադառնա իր իրավապաշտպան գործունեությանը և կշարունակի պայքարել արդարության վերականգնման համար։ Փաստացի «Լուսավորը»՝ իր «բնավորության» համաձայն, շարունակում է «պասերով» խաղալ գործող իշխանությունների հետ, ինչպես ժամանակին ՀՀԿ-ի տարբեր թևերի հետ էր խաղում։ Հիմա նույն ալգորիթմով փորձում է խաղալ Փաշինյանի իշխանության հետ, միայն այն տարբերությամբ, որ, ըստ կանխավարկածի՝ Նիկոլն Էդմոնին փորձելու է օգտագործել ավելի կեղտոտ գործարքներում։

Արման Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս