«Ձյունիկի» հրդեհը՝ թանկացումների պատճա՞ռ

«Ձյունիկ» սառնարանային պահեստի հրդեհի պատճառով հսկայական կորուստներ ունեցող տնտեսվարողները լրագրողների հետ հանդիպմանն ուշագրավ հայտարարություն էին արել: «4 կողմից զանգահարում են մեր կազմակերպություն՝ ճշտում են՝ ինչ ապրանքներ ունենք, ինչ չունենք, առիթից օգտվելով՝ հարցնում են՝ ո՞ր ապրանքի գները բարձրացնեն: Այս երեք-չորս օրվա ընթացքում մոտ 2000 զանգ ենք ստացել: Որոշ ապրանքներ կան, որոնց գները կբարձրանան, որովհետև դրանք ամբողջությամբ ոչնչացել են»,- ասել էր «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մսամթերքի շուկայում իրենց ապրանքը կազմում է 25-30 տոկոս:

168.am-ի հետ զրույցում Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ  նախագահ Կարեն Չիլինգարյանն ասաց, որ, թեև կորուստը մեծ էր, բայց դա չի նշանակում, թե բոլորն այդ պատճառով պետք է թանկացնեն, քանի որ, ըստ նրա՝ այլ սառնարանային պահեստներ էլ կան Հայաստանում:

«Տնտեսվարողները սիրում են ինչ-որ բան լինելու դեպքում հայտարարել, որ թանկացում է լինելու, բայց չեմ կարծում, որ այդ հրդեհի պատճառով միանգամից թանկացումներ լինեն: Ես դա քիչ հավանական եմ համարում: Եթե նույնիսկ լինի էլ թանկացում, ապա տնտեսվարողների կողմից անբարեխիղճ մոտեցման արդյունք կարող է լինել: Ապրանք արտադրողն է որոշում իր ապրանքի գինը, ոչ թե խանութը, իսկ եթե խանութից զանգահարում են, դրանից խուճապ առաջացնելու հոտ է գալիս»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ   նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՏՄՊՊՀ-ի կողմից խիստ հսկողություն  պետք է իրականացվի, որպեսզի շուկայում գնաճը պայմանավորված չլինի բիզնեսմենների ներքին պայմանավորվածություններով.

«Այսինքն՝ երբ բիզնեսը հայտարարում է, որ իր ապրանքը կարող է թանկանալ, մենք պետք է գնահատենք, հասկանանք՝ դա պայմանավորված, միտումնավոր արվող գործընթա՞ց է, թե՞ շուկայում կարճաժամկետ դեֆիցիտի պատճառով փոքր իրացման կետերում մի քանի տնտեսվարող սուբյեկտ մեծ շահույթ հետապնդելու նպատակով տեղային ավելացումներ կանեն: Գնաճը բացասական է ազդում քաղաքացու վրա, բայց ցանկալի պրոցես է բիզնեսի համար, այսինքն՝ մեկի շահը ոտնահարում է մյուսի շահը, և առնվազն պետական վերահսկողություն պետք է լինի, ճշգրիտ գնահատված լինի՝ այստեղ արհեստական, մրցակցային խնդիրներ կա՞ն, թե՞ այդուհանդերձ բնական գնաճի հետ գործ ունենք»:

Նա նկատեց՝ եթե բիզնեսն ասում է, որ ուզում է ապրանքը թանկացնել, ապա ավելի հավանական է, որ թանկացնի, բայց այստեղ, ըստ Պիպոյանի՝ կարևոր է, որ պետությունն իր ունեցած իրավական գործիքները գործի դնի, հասկանա՝ այստեղ չարաշահում կա՞, թե՞ ոչ:

«Ցավալին այն է, որ նման ներքին պայմանավորվածություններին շատ արագ չի արձագանքում ՏՄՊՊՀ-ն: Ըստ էության, այդ մարմինը պետք է ամենաարագ, ամենաօպերատիվ արձագանքողներից մեկը լինի և նման դեպքերում ցույց տա, որ պետությունը, մեղմ ասած՝ ձեռքերը ծալած չի նստում և նայում, թե որ բիզնեսն ինչ է անում, ինչ է պահանջում՝ ինչի դիմաց»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:

Տեսանյութեր

Լրահոս