Բաժիններ՝

«Մենք ունենք 60-ական կամ 80-ական թվականների արտադրության մեքենաներ մեր ճանապարհներին, որոնք տեխզննում չեն անցնում». Օսիպյան

Ճանապարհային ոստիկանները բացառել են հանդուրժողականությունը, իսկ վարչապետի հանձնարարությունով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վեր կհանի բոլոր խնդիրը։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։

«Այստեղ միայն ոստիկանությունից չի կախված, բազմաթիվ խնդիրներ կան և կան գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ»,- ասաց նա։

Ոստիկանապետը թվարկեց մի քանի խնդիրներ՝ վատ լուսավորություն, ճանապարհային նշանների չերևալ, գծանշումները, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների տեխնիկական պահանջներին համապատասխան չլինելը և այլն։

«Եթե ասում եք՝ ճանապարհային ոստիկանությունը վատ է աշխատում, կարո՞ղ եք բացատրել այդ պարագայում ո՞նց եղավ, որ այս տարի ավելի շատ խախտում ենք հայտնաբերել, քան նախորդ տարի։ Այստեղ կապ ունի նաև աննախադեպ քանակի տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Վ.Օսիպյանը՝ նկատելով, որ օրական մինև 300 տրանսպորտային միջոց ներմուծվում է ՀՀ, մինչդեռ մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ։

Ըստ նրա՝ զոհերի թվի աճը պայմանավորված է տրանսպորտային միջոցների հնամաշությամբ.

«Վստահեցնում եմ ձեզ՝ բալային համակարգը կյանքի կոչելու պարագայում մենք բավականին լուրջ ձեռբերում կունենանք հենց առաջին ամսին։ Ինձ ամեն օր զեկուցում են՝ ուղիղ ճանապարհին մեքենան կողաշրջվել, ընկել է ձորը։ Արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում, առանց որևէ պատճառի կողաշրջվում են։ Մենք ունենք 60-ական կամ 80-ական թվականների արտադրության մեքենաներ մեր ճանապարհներին, որոնք տեխզննում չեն անցնում»։

Վ.Օսիպյանը կրկնեց, որ ոստիկանությունը ևս թերացումներ ունի, բայց նաև այլ կառույցներ անելիքներ ունեն։

Նա նշեց, որ տեխզննման հարցը տրանսպորտի նախարարության խնդիրն է, և այդտեղ փոփոխություն է լինելու։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս