«Չափազանց կարևոր է հանրապետականների հետ աշխատել՝ ի նպաստ հայկական օրակարգի». Սուրեն Սարգսյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բավականին բարձր մակարդակի է, օրենսդիրի այց է։ 168.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որն ամենաբարձր մակարդակն է, նաև հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ։

«Սենատը նախագահ չունի, ի պաշտոնե ղեկավարն ԱՄՆ փոխանախագահն է, և այս առումով Մաքքոնելի հետ հանդիպումը բավականին լավ հանդիպում էր։ Թեև օրակարգին ծանոթ չեմ, իրականում կողմերը շատ բան կունենային քննարկելու, և հույս ունեմ, որ քննարկել են, այդ թվում՝ ԱՄՆ օրենսդիրի օրակարգում ներառված հայկական հարցերը»,- ասաց Ս.Սարգսյանը։

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ Կոնգրեսում Ա.Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ, իսկ Կոնգրեսի 199 հանրապետականներից, ընդ որում՝ նրանցից 18-ը հայկական հանձնախմբի անդամներ են, ոչ մեկը ներկա չի եղել այդ հանդիպմանը, Ս.Սարգսյանը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե ներկա լինեին նաև հանրապետական կոնգրեսականները։

Դիտարկմանը, որ ըստ որոշ պնդումների, հանդիպման կազմակերպիչը Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակն է եղել և միտումնավոր չի ուղարկել հրավերք հանրապետականներին, միջազգայնագետը նշեց, որ տեղյակ չէ այդ մասին.

«Պետք է հասկանալ, թե ով է հանդիպումը կազմակերպել։ Եթե դեմոկրատները, ապա հանրապետականների բացակայությունն այլ խնդիր է, եթե հայ համայնքը կամ դեսպանությունը, այլ խնդիր է։ Մինչև հստակ չունենանք, թե ով է կազմակերպել, չենք կարող հստակ գնահատական տալ»։

Փորձագետը կարևորեց ԱՄՆ հանրապետականների հետ շփումների ակտիվացումը.

«Ընդհանրապես մեր շփումները հանրապետականների հետ այդքան էլ ակտիվ չեն վերջին տարիների ընթացքում։ Կարծում եմ՝ ճիշտ քայլ է՝ հանդիպել Սենատի հանրապետական առաջնորդի հետ։ Հանրապետականների հետ շփումը կարևոր է նրանով, որ նրանք Սենատում մեծամասնություն են կազմում, և երկրի ղեկավարությունը հանրապետականներինն է, Սպիտակ տան ղեկավարը հանրապետական է, որը լրջագույն խնդիր ունի դեմոկրատների հետ, ու երբեք հանրապետականների ու դեմոկրատների հարաբերություններն այսքան լարված չեն եղել։ Չափազանց կարևոր է հանրապետականների հետ աշխատել՝ ի նպաստ հայկական օրակարգի»,- ասաց Ս.Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս