«Իմ քայլը» խմբակցությունը խախտում է օրենքը
Հուլիսի 1-ին Ազգային ժողովում չընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երրորդ թեկնածուն: ԲԴԽ գիտնական-անդամի պաշտոնը մինչ օրս թափուր է։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցությունները կարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու»: Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ, եթե այդ 10-օրյա ժամկետում նոր թեկնածու չեն հասցնում առաջադրել, ևս 10 օր է նախատեսված։
Հուլիսի 12-ին խմբակցության աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ Լ.Մակունցը հավաստիացրեց, որ մի քանի թեկնածուներ կան՝ չնշելով որևէ անուն, և վստահեցրեց, որ սահմանված ժամկետներում կառաջադրեն թեկնածուին, բայց ընտրությունը, հնարավոր է, լինի սեպտեմբերին:
Այսօր՝ հուլիսի 20-ին, լրանում է ժամկետը, երբ ԱԺ-ն պետք է առաջադրեր ԲԴԽ թեկնածու։ Սակայն որևէ առաջադրում տեղի չի ունեցել։
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ առաջադրում չի եղել։
«Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն իրականացվում է Ազգային ժողովի հերթական նիստում, որը սեպտեմբերին է»,- ասաց Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ թեկնածու չի առաջադրվել, քանի որ խորհրդարանն արձակուրդում է:
Դիտարկմանը, որ առաջադրման ժամկետների խախտում է լինում, Ն.Բաղդասարյանը նշեց, որ ժամկետների մասին ոչինչ ասել չի կարող, բայց վստահեցրեց, որ դա «ոչ մի հետևանք չի ունենա»։