
Արթուր Վանեցյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ երեկ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած տատանումների ու անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն համակարգում խափանման պատճառները: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորն ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի՝ միտում եղե՞լ է, չի՞ եղել, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվել է անգործությո՞ւն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես հանձնարարել է ծառայողական քննություն իրականացնել: Ըստ նրա՝ երեկ գործնականում ժամը 20:00-ի սահմաններում արդեն ամբողջապես ողջ հանրապետությունում վերականգնվել էր էներգահամակարգի գործունեությունը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Իրանի և Վրաստանի գործընկերներին, որոնք այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, որ էներգետիկ համակարգը երկարատև կոլապսի առաջ կանգներ:
Ն. Փաշինյանը նշեց, որ վերջերս աշխատանքային քննարկման ժամանակ նաև հարց է բարձրացվել, որ փոխարկիչն ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են, և քննարկման ժամանակ տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ:
«Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, և ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները: Երկու վարկած կա՝ արտաքին, ներքին վարկած, կարծես չունենք, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ի՞նչն է եղել պատճառը»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել. «Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, ես Ձեզ մանրամասն կզեկուցեմ»: