«Հարցն օրակարգում չէր, և կարելի է քննարկել այլ ձևաչափով». Վլադիմիր Վարդանյանը՝ ՌԴ դեսպանի ազատման ու նշանակման հարցերի մասին
Ռուսաստանի Դումայում Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվել էր դեռևս նախորդ նիստի ժամանակ՝ ՀՀԿ-ի կողմից, և որևէ կողմնակի հարց չի քննարկվել:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ նիստում քննարկվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի գործունեությունը, նրա հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի, դատախազի, ՍԴ նախագահի հետ: Ըստ Ն.Զոհրաբյանի՝ այս նիստի օրակարգն այնքան էլ հագեցած չէր, բայց շատ լուրջ հարցեր ներառվել են հաջորդ նիստի օրակարգում, որը կայանալու է Գյումրիում: Պատգամավորի խոսքով՝ առանձին հանդիպումներ, քննարկումներ եղել են Պետդումայի պատգամավորների հետ:
Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նույնպես նշեց, որ այցը ծրագրված էր շատ ավելի վաղուց. «Օրակարգը հաստատվում է նախորդ նիստին, մենք իրավունք չունեինք շեղվել այդ օրակարգից: Բայց բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք ուշադրության կենտրոնում են»:
Վ.Վարդանյանը նշեց, որ արտաքին քաղաքականությունը գործադիրի իրավական տիրույթում է, դեսպանի նշանակման, ազատման հարցերը ՌԴ Դումայի իրավասության մեջ չեն մտնում. «Հարցն օրակարգում չէր, և կարելի է քննարկել այլ ձևաչափով»: