«ՔՊ կուսակցությունում ներքին խնդիր չկա, պարոն Միքայելյանը կուսակցության հիմնադիրներից մեկն է: Հետևություններն ինքներդ արեք». Ալեն Սիմոնյան

«Քաղաքացին է որոշում, հիմա էդ հեռացումը կլինի, չի լինի, թե ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Դուք հիմա փորձում եք ինչ-որ ինտրիգ գտնեք էդ ամենի մեջ, բայց ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ և ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչ եղել է, մենք հետևություններ ենք արել, ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, եթե պարտվել ենք, դա անժխտելի է, բայց դրա մեջ ինտրիգ գտնել…»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ, եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում:

Ըստ նրա՝ որևէ խմորում չկա, բնական է, տհաճ է, որ Սասուն Միքայելյանը վարչության անդամ չէ, բայց կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, և տարբեր բաներ կարող են լինել:

Հարցին՝ խմբեր չկա՞ն կուսակցությունում, Ա.Սիմոնյանը պատասխանեց, որ մրցակցություն ամեն տեղ կա, պետք չէ դա քաղաքականացնել և տանել բացասական դաշտ:

Ս.Միքայելյանի հայտարարությանը, որ մարզպետն է մեղավոր Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտության համար, Ա.Սիմոնյանը հակադարձեց, որ ինքն իրեն ևս մեղավոր է համարում, քանի որ ժամանակ չի գտել քարոզարշավին մասնակցելու. «ՔՊ կուսակցությունում ներքին խնդիր չկա, պարոն Միքայելյանը կուսակցության հիմնադիրներից մեկն է: Հետևություններն ինքներդ արեք»:

 

Տեսանյութեր

Լրահոս