Բաժիններ՝

Հայաստանը պետք է ունենա դիվերսիֆիկացված էներգետիկա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսօր մեծ թափով զարգանում է այլընտրանքային էներգետիկան, ինչը շատ կարևոր ուղղություն է մեր տնտեսության համար: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին:

«Մենք իրականացնում ենք ծրագիր Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Այդ գործառույթն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: Այն, որ կա ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ներուժ, միայն մեր մասնագետները չեն ասում, ասում են նաև միջազգային մասնագետները: Այսօր, փառք Աստծո, Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն իրականացվում է հաջողությամբ, և մենք դրա անվտանգ շահագործման ժամկետները երկարացնելու ծրագիր ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ միջուկային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար: «Հայաստանն, իհարկե, հետաքրքրված է նաև նոր ատոմակայան ունենալու հարցում: Ինչքանով է այս ծրագիրը ռեալ կամ ոչ, արդեն այլ քննարկման խնդիր է՝ կապված բազմաթիվ գործոնների հետ: Մենք այդ հարցը քննարկում ենք հնարավոր հետաքրքրված շրջանակների, ընկերությունների, երկրների հետ: Միևնույն ժամանակ գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ թափով զարգանում է այլընտրանքային էներգետիկան, դա նույնպես շատ կարևոր ուղղություն է մեր տնտեսության համար: Ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունն այն է, որ մեր էներգետիկան պետք է լինի դիվերսիֆիկացված, չպետք է կախված լինենք էներգետիկայի մեկ աղբյուրից՝ լինի դա ատոմային էներգետիկա, հիդրոէներգետիկան թե ջերմաէներգետիկան:

Գերմանիա այցի շրջանակում մի ծրագիր ենք քննարկում KfW բանկի հետ, որը շատ կարևոր է տարածաշրջանային առումով: Նպատակ ունենք Հայաստանն էներգետիկայի տարանցիկ երկիր դարձնել և առնվազն տարածաշրջանային էներգետիկ համակարգի լիարժեք մաս դարձնել»,- հայտարարեց վարչապետը:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս