Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հունվարի 31-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի (Владимир Андрейченко) հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա էին նաև ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը (Болеслав Пирштук), ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին (Валерий Воронецкий) և այլ պաշտոնատար անձինք։

Կառուցողական և ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԲՀ ԱԺ ստորին պալատի ղեկավարը վերահաստատեց իր երկրի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ և զարգացմամբ։ Ըստ Վլադիմիր Անդրեյչենկոյի, երկկողմ օրակարգի առաջխաղացման հարցում իր ներդրումն ունի նաև խորհրդարանական դիվանագիտությունը, որն առավելապես դրսևորվում է Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության միջոցով։

Իր հերթին հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի կողմից ընդգծվեց հանձնաժողովի համակարգային և սահուն աշխատանքի բնույթը, ինչպես նաև երկու պետությունների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային հարցերին՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցությանը»։

Տեսանյութեր

Լրահոս