ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց

ՀՀ գլխավոր հյոպատոս Արմեն Բայբուրդյանը հունվարի 29-ին այցելեց Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց՝ Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորյանի, խորհրդի անդամներ Արմինա Կարապետյանի, Շանթ Սահակյանի, Նաիրի Նահապետյանի և Գլենդեյլի դպրոցական համակարգի կառավարիչ Ուինֆրիդ Ռոբերտսոնի ուղեկցությամբ:

Դպրոցի սաները գլխավոր հյուպատոսին դիմավորեցին աղուհացով և հայերեն ողջույնի խոսքով: Գլխավոր հյուպատոսը շրջեց դպրոցի դասասենյակներում, ծանոթացավ և զրուցեց հայ և օտարազգի աշակերտների հետ, հետևեց դասաժամերի ընթացքին, ծանոթացավ աշակերտների՝ հայերեն լեզվի, հայ գրականության ու պատմության իմացության մակարդակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գլենդեյլի հանրային դպրոցների FLAG ծրագրի հայերեն բաժնի պատասխանատու Միգանույշ Մելքոնյանը ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրեց երկլեզու ուսուցման հայկական բաժնի աշխատանքները: Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի անդամները գլխավոր հյուպատոսին ներկայացրել են հայերենի ուսուցման մեթոդներն ու հաջողությունները: Դպրոցի հայ աշակերտները ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրին հայ գրականության ու երաժշտական նմուշների գեղեցիկ կատարումներով:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր գնահատեց FLAG ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում Գլենդեյլի ամերիկյան հանրային դպրոցներում սովորել գրեթե բոլոր առարկաները և խոստացավ աջակցություն ցուցաբերել այդ ծրագրին:

Տեսանյութեր

Լրահոս