Երևանն ու Իլ դը Ֆրանսը հանդես կգան մշակութային համատեղ նախաձեռնություններով
Երևանն ու Իլ դը Ֆրանսը կընդլայնեն միջմշակութային կապերն ու կմշակեն համագործակցության նոր ծրագրեր: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի Կովկասի և Ամերիկայի հետ համագործակցության հարցերով պատասխանատու Սամիա Գեռաիան: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ծագրիսը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երաժշտությունից մինչև կերպարվեստ և կինո: Ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել ստեղծագործական ուղին նոր-նոր կերտող հայ արվեստագետների բացահայտմանը և հնարավորություն ընձեռել առաջին քայլը կատարելու Փարիզում: Նախաձեռնության մանրամասները կհստակեցվեն ծրագրի մշակումից հետո:
Անմիջական զրույցում կողմերը պայմանավորվել են նաև մշակութային համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման մասին:
Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև մշակութային համագործակցության խթանումը՝ Գոշ Սարգսյանը խոսել է նաև համատեղ ծրագրերում երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները ներգրավելու մասին: