Բաժիններ՝

Վենեսուելայում շուրջ 900 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում

Վենեսուելայի ուժայինները շուրջ 900 մարդու են բերման ենթարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ելույթների ընթացքում: Այս տվյալները հունվարի 30-ին Union Radio ռադիոկայանի եթերում հրապարակել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն:

«Հունվարի 21-ից 27-ը մենք գրանցել ենք 896 ձերբակալվածների, խոսքը վերաբերում է ոչ միայն ցուցարարներին, այլեւ զինվորականների, տվյալ դեպքում այն սերժանտների հարազատներին, որոնք հանդես են գալիս կառավարության դեմ»,- ասել է Ռոմերոն: Նրա խոսքով՝ մինչ այժմ կալանքի տակ է մնում «51 անչափահաս»:

Իրավապաշտպանը նաեւ նշել է, որ ներկայում Վենեսուելայում կա «973 քաղաքական բանտարկյալ»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի վարչության տվյալների համաձայն՝ հունվարի 22-ից Վենեսուելայում շարունակվող բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 40 մարդ: Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար:

Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Ավստրալիան, Իսրայելը, Վրաստանը, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաեւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Հաջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան: Մեքսիկան եւ Ուրուգվայը դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը եւ միջնորդություն են առաջարկել հանրապետության ընդդիմության եւ կառավարության միջեւ բանակցությունների կազմակերպման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս