Բաժիններ՝

Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպումը կկայանա փետրվարի վերջին. Փոմպեո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ ամսվա վերջին, սա է պլանը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ Փհենյանը եւ Վաշինգտոնն ավելի վաղ համաձայնության են հասել այդ հարցի շուրջ: Ինչպես նշել է պետքարտուղարը, Վաշինգտոնն իր մի խումբ ներկայացուցիչների ուղարկել է ասիական երկրներից մեկը, որպեսզի նրանք ձեռնամուխ լինեն գագաթնաժողովի անցկացման նախապատրաստմանը:

Ընդսմին Փոմպեոն կոնկրետ վայր չի նշել եւ միայն ասել է, որ հանդիպումը կկայանա ասիական տարածաշրջանում: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարի վերջին մոտ:

Որպես դրա անցկացման առավել հավանական վայր ԶԼՄ-ները նշում են Վիետնամի Դանանգը, որտեղ 2017 թավականի կայացել է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների գագաթնաժողովը: ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս