Իռլանդիայի վարչապետը մերժեց Brexit-ի շուրջ պայմանավորվածությունները փոխելու Մեյի նախաձեռնությունը
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը մերժել է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի փոփոխման համար Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նոր բանակցություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությունն այն առումով, ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության մեջ մնացող Իռլանդիայի միջեւ պետական սահմանի հայտնվելը թույլ չտալու միջոցառումներին: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, ասված է Բրիտանիայի եւ Իռլանդիայի վարչապետների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Իռլանդիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին քվեարկություն է անցկացրել Brexit-ի համաձայնագրի յոթ ուղղումների շուրջ եւ կարողացել է ընդունել միայն դեկլարատիվ բնույթի մեկ ուղղում ու եւս մեկը, որով վարչապետին հանձնարարվում է Եվրամիությունից հասնել հյուսիսիռլանդական «բեքստոպի» մեխանիզմի վերանայման: Այն նախատեսում է, որ Օլսթերը ինքնաբերաբար Մաքսային միության եւ ԵՄ-ի միասնական շուկայի անդամը կմնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության հարցի շուրջ: Այն անցնում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հետ միասին դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ եվրոպական հանրակցության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ: Հենց բեքստոպի թեմայի շուրջ տարաձայնությունները դարձան այն բանի պատճառը, որ հունվարի 15-ին բրիտանացի պատգամավորները վճռականորեն մերժեցին ԵՄ-ի հետ 585-էջանոց համաձայնագրի տեքստը:
«Իռլանդիայի կառավարության ղեկավարը վերստին ընդգծեց, որ Իռլանդիայի եւ Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի եւ բեքստոպի նկատմամբ, նշելով, որ վերջին իրադարձություններն ուժեղացրեցին բեքստոպի անհրաժեշտմությունը, ինչը կլիներ խելամիտ եւ գործնականում իրագործելի»,- նշվում է Իռլանդիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Իր հերթին, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հունվարի 30-ին ԵՄ-ի անունից ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին, որում նշել Է, թե Եվրամիությունը չի վերանայելու հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ նոյեմբերի 25-ին Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը:
«Վարչապետ Թերեզա Մեյին իմ ուղերձը հստակ է. ԵՄ-ի դիրքորոշումը հասկանալի է ու հետեւողական: Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը վերանայման ենթակա չէ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: