Բաժիններ՝

«Կոռուպցիան նաև սխալ կադրային քաղաքականությունն է, առանց մրցույթի՝ կենսագրություն չունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակելը»

«Երկրում բացակայում է տեսլականի մշակումը: Եթե չունենք նպատակ, թե դեպի ուր ենք գնում, այն արդեն տնտեսական սպառնալիք է: Տնտեսական անվտանգությունն այսօր լուրջ խնդիր է մեզ համար: Վերջին հաշվով, Հայաստանում կան և՛ երիտասարդ, և՛ միջին տարիքի բավական լուրջ փորձառություն ունեցողներ, և առանց նրանց գիտության՝ առայժմ հրապարակ են նետվում գաղափարներ, կայացվում են կամայական որոշումներ, որոնց հետևանքները, կարծում եմ, որևէ մեկը դեռ չի պատկերացնում, թե ինչպիսին կարող են լինել»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է պատասխանատու ոլորտներում նշանակել կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդկանց:

«Կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, միայն այն դեպքերը չեն, որ բացահայտվել ու ցուցադրվել են, այլ, իմ խորին համոզմամբ, կոռուպցիան նաև սխալ կադրային քաղաքականությունն է, առանց մրցույթի՝ կենսագրություն չունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակելն ու նրանց կողմից կայացվող այն որոշումներն են, որոնք բազմաթիվ օրինախախտումներով են ուղեկցվում: Գիտության ոլորտը, բացառությամբ Գիտության պետական կոմիտեի, որտեղ արձանագրվող առաջընթացը չենք կարող չնկատել, այսօր ողբալի վիճակում է: Եթե ՀՀ-ն ունի մրցակցային վառ արտահայտված ներուժ, դա մտավոր կարողությունը, գիտությունն է, և, եթե մենք այսպես ենք վերաբերվում գիտությանը, չեմ կարծում, որ առաջիկայում շոշափելի զարգացում կարող ենք ունենալ»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նկատեց. «Այս պահին իմիջիայլոց կառավարում են բոլոր, այդ թվում՝ գիտության ոլորտը:

Կարևոր է կառավարման համակարգի արդիականացումը: Շատերի մոտ կա մտահոգություն՝ այսօրվա կադրային ուժի հետ կապված: Հիմնականում տեսնում ենք սիրողականություն, և ակնկալել, որ ունենալու ենք բարեփոխումներ՝ դրական ուղղությամբ, ես կասկածում եմ: Անընդհատ ասում են՝ ժողովուրդն է որոշում: Ես կառաջարկեի Հովհ.Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը կարդալ, որտեղ գրված է, թե ինչպես շահարկելով ժողովուրդ հասկացությունը՝ կարելի է անել այն, ինչ արվում է այս պահին: Ցանկացած ոլորտ պատահականությամբ են կառավարում, և չնայած 0-ական հավանականությանը, մտածում են՝ մեկ էլ տեսար՝ լավ լինի»,- ասաց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս