«Եթե առաջիկայում Ալիևը հանկարծ պարզի, որ ՀՀ վարչապետը Տեր-Պետրոսյանի «մարդը» չէ, սահմանում կրկին լարվածություն կլինի». Քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ այն, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո սահմանային լարվածությունը որոշ չափով նվազել է, ունի իր բացատրությունը։ Շատերն այս հանգամանքը բացատրում են նրանով, թե իբրև ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵՄ երկրները ճնշումներ են գործադրում Ալիևի վրա։ Սակայն քաղաքագետի համար այս բացատրությունն անընդունելի է, քանի որ երկար տարիներ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ ԵՄ երկրների առաջնորդների դիտողություններն Ալիևը հաշվի չի առել։

Նրա համար անընդունելի է նաև այն բացատրությունը, թե Ալիևը սահմանային սադրիչ գործողությունների քիչ է գնում՝ կապված իր երկրի ներքին լսարանի հետ։

«Արդեն երկու տասնամյակից ավելի Ալիևը ձևավորել է իրենից ավելի կատաղի ներքին լսարան, և ներքին լսարանի համար նման քայլի գնալը նրա համար նույնիսկ վտանգավոր է։ Այսինքն՝ այս հանգամանքը պայմանավորված չէ ներքին ու արտաքին գործոններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ա. Մանասյանը։

Ըստ նրա՝ Ալիևի նման պահվածքն ունի մեկ վարկած. «Նախ՝ գիտի, որ ՀՀ վարչապետը Լևոն Տեր-Պետրոսյանի «մարդն» է՝ նրա դպրոցի շրջանավարտը, որը միշտ հայտարարել է, որ հայկական կողմն Արցախը պետք է հանձնի Ադրբեջանին։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ Ալիևը հույսեր է տածում, որ ՀՀ նոր ղեկավարությունը կլսի Լ. Տեր-Պետրոսյանին և կշարունակի վարել նրա քաղաքականությունը։ Որպեսզի այդ քաղաքականությունը տանի, նրան հնարավորություն պետք է տան՝ սահմանին լարվածություն թույլ չտալով։ Սա է իմ վարկածը»,- ասաց Ա. Մանասյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ոչինչ գաղտնիք չի մնում, այսինքն, եթե առաջիկայում Ալիևը հանկարծ պարզի, որ ՀՀ վարչապետը Տեր-Պետրոսյանի «մարդը» չէ, սահմանում կրկին լարվածություն կլինի, ինչպես նախկինում։ Իսկ եթե սահմանային հանդարտությունը շարունակվեց, ապա, ըստ նրա՝ նշանակում է՝ Ալիևի վարած քաղաքականությունն առաջ է գնում։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում ՀՀ իշխանություններն ի՞նչ դիրքերից են բանակցում, Ալեքսանդր Մանասյանը նկատեց, որ ամեն ինչ գաղտնի է պահվում:

«Այս ամենը դեռ հանդիպում է, բանակցությունները կվերսկսվեն այն ժամանակ, եթե Ադրբեջանը ներողություն խնդրի արցախահայության ցեղասպանության համար և նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս