Իրանական կողմի հետ քննարկվել է գազ` էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը և դրա ծավալների ավելացման հնարավորությունը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Սալեհին. տեղեկացնում են նախարարության լրատվական վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները, «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ինչպես նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը և դրա ծավալների ավելացման հնարավորությունը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, որտեղ իր առանձնահատուկ դերն ունեն նշված ծրագրերը:
Կարևորվել է նաև ոլորտի պաշտոնատար անձանց փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ և շուտափույթ լուծում:
Գարեգին Բաղրամյանը և Հոմայուն Հաերիին նշել են, որ շարունակելու են հետևողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան: