
Nord Stream 2-ի առաջին և երկրորդ գծերը պատրաստ կլիեն նոյեմբերին և դեկտեմբերին

Nord Stream 2 («Հյուսիսային հոսք 2») գազատարի առաջին գիծը պատրաստ կլինի 2019 թվականի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին: Այդ մասին Վիեննայում հայտնել է Nord Stream 2 AG նախագծային ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Կորկորանը՝ ելույթ ունենալով Գազի եվրոպական խորհրդաժողովում:
«Մենք սպասում ենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ի առաջին գիծը պատրաստ կլինի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին»,- ասել է նա:
Նա նաեւ հույս է հայտնել, որ 2019 թվականի ընթացքում կլուծվի մայր գազատարի կառուցման վերջին թույլտվության ստացման հարցը՝ Դանիայից:
«Հյուսիսային հոսք 2» գազատարը կանցնի Բալթիկ ծովով՝ Ռուսաստանի մատակարարներին միացնելով Եվրոպայի սպառողների հետ: Դրա երկարությունը կկազմի ավելի քան 1,2 հազար կիլոմետր, թողունակությունը՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ: Նախագիծն իրականացնում է «Գազպրոմը»՝ Եվրոպայի Engie, Uniper, OMV, Shell, Wintershall ընկերությունների հետ համատեղ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: