
«Որքան շատ են նախարարությունները, այնքան ավելի շատ կանոնակարգերի կարիք կա, և բիզնեսի համար շատ խոչընդոտներ են ի հայտ գալիս». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխություններին:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
«Ակնհայտ է, որ ներկայիս կառուցվածքը ֆունկցիոնալ առումով այնքան էլ արդյունավետ չէ: Ներդրումների համար կարևոր են պարզ կանոնակարգերը: Այս հարցերը սերտ փոխկապակցված են: Որքան շատ են նախարարությունները, այնքան ավելի շատ կանոնակարգերի կարիք կա, և բիզնեսի համար շատ խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա վերահաստատել է, որ Հայաստանում նախարարությունների թիվը կրճատվելու է: «Մենք հույս ունենք, որ դրանով կնվազի այն կանոնակարգերի քանակը, որոնք իրականում պետք չեն, օգտակար չեն, կմնան այն կանոնակարգերը, որոնց կարիքը պետությունն ունի, որոնք իսկապես օգտակար են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: