Intel-ը շուրջ 11 մլրդ դոլար կներդնի Իսրայելի տնտեսության մեջ
Intel կորպորացիան որոշում է ընդունել 40 մլրդ շեքել (շուրջ 11 մլրդ դոլար) ներդնել Իսրայելի տնտեսության մեջ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի ֆինանսների նախարար Մոշե Կախլոնը:
«Intel-ի ղեկավարությունը մեզ տեղեկացրել է Իսրայելի տնտեսության մեջ եւս 40 մլրդ շեքել ներդնելու որոշման մասին, ինչը աննախադեպ որոշում է, որը, ինչպես սպասվում է, հազարավոր աշխատատեղեր կստեղծի Իսրայելի հարավում»,-գրել է Կախլոնը:
Իսրայելի հարավում արդեն գործում է Intel-ի երկու ձեռնարկություն: 2017 թվականին կորպորացիան ձեռք է բերել իսրայելական Mobileye ընկերությունը, որը ծրագրային ապահովում է մշակում անվարորդ ավտոմեքենաների համար:
Intel-ն ամերիկյան կորպորացիա է, որի կենտրոնակայանը գտնվում է Սանտա-Քլարում (Կալիֆոռնիայի նահանգ): Հիմնադրվել է 1968 թվականին, այն կիսահաղորդիչների խոշորագույն արտադրողներից եւ համակարգիչների ու սմարթֆոնների համար պրոցեսորների մատակարարներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: