
ՊԵԿ նախագահի փոփոխության հարց այս պահին դրված չէ. Մակունց

Մոտ 1 ժամից Ազգային ժողովում կկայանա «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվելու է նաև ՊԵԿ-ում աղմկահարույց պարգևատրումների հարցը և պարզաբանումներ տալու համար հրավիրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Քննարկելու ենք նաև Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր»,- նկատեց Մակունցը:
Ըստ նրա՝ պարգևավճարների հետ կապված հանրային արձագանքը մեծ է և իրենց մտածելու տեղիք է տվել, քանի որ մի կողմից կա օրենք և օրենքի շրջանակներում են գործողություններ արվում, բայց մյուս կողմից էլ կա հանրային մեծ արձագանք։
ՊԵԿ նախագահի փոփոխության հարց, Լ.Մակունցի կարծիքով, այս պահին դրված չէ:
Թե ինչո՞ւ են միայն ՊԵԿ նախագահից պարզաբանումներ պահանջում, ինչո՞ւ են «անտեսում» մյուս գերատեսչությունների ղեկավարներին, որոնք ևս միլիոնավոր պարգևավճարներ են բաժանել, Մակունցը չհստակեցրեց։