Չինաստանի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ բանակցելու առևտրի հարցերի շուրջ
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը: Այդ մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ առեւտրի շուրջ ԱՄՆ-ի եւ ԶԺՀ-ի բանակցություններն անցկացվելու են հունվարի 30-31-ին Վաշինգտոնում: Չինական պատվիրակության կազմում, բացի Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Ի Գանից, նաեւ մտել են բարեփոխումների եւ զարգացման պետական կոմիտեի փոխղեկավար Նին Ցզիչժեն, ֆինանսների փոխնախարար Լյաո Մինը, արտաքին գործերի փոխնախարար Չժեն Ցզեգուանը, արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Լո Վենը, գյուղատնտեսության փոխնախարար Հան Ցզյունը, ինչպես նաեւ առեւտրի փոխնախարար, միջազգային առեւտրական բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչ Վան Շոուվենը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանն առեւտրի շուրջ ամենահանգամանալից բանակցություններն են ունենալու իրենց փոխհարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Սպիտակ տանը կայացած խորհրդաժողովի շրջանակներում հունվարի 28-ին պատմել է, որ Թրամփը Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ հանդիպում կունենա Վաշինգտոնում առեւտրական բանակցությունների արդյունքների շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: