Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Իրանը հայտարարել է, որևէ բանակցություն չի վարում Ֆրանսիայի հետ իր հրթիռային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե եվրոպացիների փորձերը ապարդյուն անցնեն Թեհրանի հետ վերջինիս հրթիռային ծրագրի շուրջ քննարկումներ ունենալու հարցում:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ամրապնդում է 2015 թվականին կնքված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը , կոչ է անում Թեհրանին մոտ 8 տարով զերծ մնալ բալիստիկ այն հրթիռների զարգացումից, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենքի համար:

Իրանը նշում է, որ իր հրթիռների փորձարկումը չի խախտում բանաձևի դրույթները և հերքում է, որ իր հրթիռները կարող են կրել միջուկային զենք:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է բերել իր երկիրը այս համաձայնագրից 2018 թվականի մայիսին և վերականգնել Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերացվել էին համաձայնագրի կնքումից հետո:

Թրամփի վարչակազմը մեղադրում է Թեհրանին միջուկային համաձայնագրի խախտման և Մերձավոր Արևելքում անկայունություն հրահրելու մեջ: Եվրամիությունն իր հերթին փորձում է երկխոսել Իրանի հետ:

Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագիրը, որը փորձում են փրկել մյուս կողմերը, լիարժեք չէր, քանի որ այն չի ընդգրկում բալիստիկ հրթիռների մասին դրույթն ու Սիրիայում, Եմենում Լիբանանում և Իրաքում Իրանի ներգրավման հետ կապված հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս