ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն
Հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտնել է, որ ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից ակնկալում է հացադուլից բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն:
Կոսյանչիչը նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է ցանկացած հանգամանքներում դաժան վերաբերմունքի և բոլոր տեսակի խոշտանգումների արգելքին և մարդկային արժանապատվությանը պահպանմանը:
«Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կապահովի այս գործի պատշաճ հետաքննությունը և միջոցներ ձեռնարկի, որոնք այդ հետաքննությունից հետո տեղին կլինեն: Մենք գիտենք այս դեպքի մասին և սպասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն», – նշեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանը, որը եղել է «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը: