Բաց նամակ՝ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին
Ուզում եմ հիշեցնել տիկին Ղարիբյանին, որ իր գործառույթներից ամենագլխավորը ՀՀ մշակույթի քաղաքականության հայեցակարգ մշակելն է և մշակութային քաղաքականության իրականացումը, մշակույթի զարգացմանը միտված ծրագրերի մշակումը։
Եթե չկա հայեցակարգ և մշակույթի ոլորտը ամորֆ վիճակում է, ապա անհապաղ անհրաժեշտ է այդ դժվարին աշխատանքն իրականացնել։ Եթե չգիտեք ինչպես դա անել կամ չգիտեք թե դա ինչ է, ապա անհրաժեշտ է կանչել ոլորտի պրոֆեսիոնալներին և հարցնել, թե ինչն է մտնում Ձեր պարտականությունների մեջ և ինչը` ոչ, ինչպես կարող եք մշակել ճիշտ քաղաքականություն։ Սկզբի համար նշեմ, որ Ձեր առաջին և ամենակարևոր գործառույթը ՀՀ մշակույթի գործիչների աշխատանքի ազատությունը, ստեղծագործելու համար բարենպաստ հնարավորությունների ստեղծումն է և արտիստների գործունեությանը չխոչընդոտելը։
Եթե չեք կարող նրանց օգնել, ուրեմն մի խանգարեք, և ամեն բան հրաշալի կլինի։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ Ֆեյսբուքը քաղաքականություն իրականացնելու և զրպարտանքի վայր չէ, ապա ցավում եմ մեզ բոլորիս համար։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու փոխարեն անհրաժեշտ է նախևառաջ կարդալ և ծանոթանալ եղելությանը, ապա կրկին ցավում եմ մեզ բոլորիս համար։
Քանի որ ՀՀ մշակույթի ոլորտը այսօր այնքան վատ վիճակում է, որ ամեն բան կարգավորվում է ֆեյսբուքյան մակարդակում, ապա ժամանակն է հրաժարական տալ և հանձնվել` ոլորտը փոխանցելով պրոֆեսիոնալներին։ Մի պախարակեք մեր մշակույթի գործիչներին, եթե ընդհանրապես տեղյակ չեք շատ կարևոր հարցերից։ Արտիստի գործունեությունը և ստեղծած արժեքները հարատև են, իսկ ձեր աթոռը` ոչ։ Մինչ օրս այդպես էլ ոլորտի ղեկավարները չկարողացան ընդունել, որ ոչ թե պետք է գործեն ընդդեմ տաղանդավոր արտիստների, այլ հանուն ֆունդամենտալ ծրագրերի իրագործման։
Չմոռանաք, որ դուք մշակույթի ոլորտի այսօրվա պատասխանատուն եք, բայց ոչ այն մշակույթի, որը «տիկին Մակունցն» էր, այլ այն մշակույթի, որը ստեղծվել և ստեղծվում է արվեստագետների, սերունդների և հասարակության ունեցած մշակութային պոտենցիալի արդյունքում, իսկ վերջինիս պահպանման և առաջընթանցի համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ և գրագետ մշակութային քաղաքականություն։
Մշակույթի նախարարության երկարամյա աշխատակից