«Կարծում եմ՝ բավականին լավ օրինակ է». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի սովորույթի մասին

Հայաստանի նախորդ իշխանությունները՝ Հանրապետական կուսակցությունը, պարբերաբար, գրեթե յուրաքանչյուր շաբաթ հրավիրում էր գործադիր մարմնի նիստ, որից հետո կուսակցության խոսնակը կամ փոխնախագահներից որևէ մեկը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հանրությանը ներկայացնում էր որոշումները, քննարկված հարցերն ու մեկնաբանում տվյալ «օրվա թեժ թեմաները»։

Ներկայումս իշխանություն ձևավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս նման սովորույթ, գործելակերպ չունի։ Խնդիրն այն չէ, որ այս իշխանության ներկայացուցիչների հետ այդ կապը քիչ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի գրառումներ է անում կամ ֆեյսբուքյան եթեր հաստատում, ասուլիս հրավիրում կամ «ոտքի վրա» պատասխանում լրագրողների հարցերին, բայց հանրության հետ այդ կապն ապահովվում է՝ «ինչպես և երբ պատահի», և կարևոր իրադարձություններից առաջ կամ որոշումների ընդունումների ժամանակ համակարգված մոտեցում կարծես չի նկատվում, ներիշխանական քննարկումների գոյությունը հանրությանն այնքան էլ տեսանելի չէ։

168.am-ը ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ լինո՞ւմ են ներիշխանական քննարկումներ, և հնարավո՞ր է՝ ՔՊ-ն փոխառի ՀՀԿ-ի սովորույթը։

«Կարծում եմ՝ բավականին լավ օրինակ է, և, թերևս, լավ կլինի՝ մենք էլ նմանատիպ ինչ-որ ձևով շփման միջոց գտնենք։ Ես դա համարում եմ ճիշտ ու մոտ օրերս կառաջարկեմ մեզ մոտ ներսում, շնորհակալ եմ նաև հուշման համար»,- պատասխանեց Սիմոնյանը։

Հարցին՝ եղե՞լ են քննարկումներ, օրինակ, Դավոսում տեղի ունեցածի վերաբերյալ, նա պատասխանեց, որ կոնկրետ Դավոսի հետ կապված քննարկումներ չեն եղել, հանդիպում դեռ տեղի չի ունեցել, և որևիցե ինֆորմացիա, բացի նրանից, որը բոլորը գիտեն, ինքը չունի.

«Բայց, թերևս, դա այնքան էլ ինձ չի անհանգստացնում, որովհետև, իմանալով աշխատելաոճը, ես գիտեմ, որ այն ամենի 90%-ը, ինչ եղել է Դավոսում և ընդհանրապես լինում է, ես իմանում եմ, ինչպես նաև՝ մենք բոլորս։ Ուստի հանգիստ եմ այդ առումով»։

Թե վերջին անգամ ե՞րբ են ընդհանուր քննարկումներ եղել, ե՞րբ են վերջին անգամ «տեսել» Փաշինյանին, Ա.Սիմոնյանը հավաստիացրեց, որ մշտապես լինում են քննարկումներ, գործնականում շաբաթն առնվազն մեկ անգամ՝ վարչության ֆորմատով, նաև ավելի լայն ու նեղ շրջանակով հարցերը քննարկվում են։

Տեսանյութեր

Լրահոս