Բաժիններ՝

«Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի ամենախենթ կանխատեսումները

Նոր վիշապներ, կենդանացող հերոսներ, անսպասելի ելքեր և գահի նոր հավակնորդ. «Գահերի խաղը» վերադառնալու է ապրիլի 14-ին, սակայն երկրպագուները արդեն իսկ ունեն սերիալի եզրափակիչ եթերաշրջանի սցենարի հարյուրավոր տարբերակեր:

1. Նոր վիշապներ, հնարավոր է, Վինտերֆելում 

Այս թեորիան արդեն շատ է քննարկվել, երկրպագուները բազմիցս նշել են, որ սա քիչ հավանական տարբերակ է: Սակայն, Ջորջ Մարտինի «Կրակ և արյուն» վեպում նշվում է, որ շատ դարեր առաջ Վերմակս վիշապը թողել է իր ձվերը Վինտերֆելում:

Այս վարկածի հավանական լինելուն նպաստում է նաև այն փաստը, որ սթարքերի հարազատ ամրոցը գտնվում է շատ յուրօրինակ բնական երևույթի մոտ: Խոսքը բնական տաք աղբյուրների մասին է: Ըստ լեգենդի՝ այդ աղբյուրները տաքանում են վիշապի կրակի միջոցով: Նմանատիպ աղբյուներ կան ևս երկու տեղում՝ Հին Վալերիայում և Վիշապաքարում, որտեղ հետագայում տեղափոխվել են Թարգարիենների սերունդները:

Գրքում կա վերծնվող քարե վիշապների մասին միտք: Իսկ Մելիսանդարան ասում էր, որ դրանք կարող է կենդանացնել միայն թագավորական արյունը: Հաշվի առնելով Դեյներիսի՝ Վինտերֆել ժամանելն ու հենց Հյուսիսի արքայի ներկայությունը՝ թագավորական արյան պակաս չի լինի:

2. Ջոնը ստիպված կլինի սպանել Դեյներիսին 

Այո, չնայած այս կերպարների մեջ ծագել է սիրավեպ, Ջոնը, հնարավոր է, ստիպված լինի սպանել Դեյներիսին: Շատ փաստեր կան այն մասին, որ հենց Ջոնն է խոստացված արքայազնը: Եվ, հավանական է, նա ստիպված կլնի զոհաբերել Դեյներիսին:

Ազոր Ահայը իր սիրելիի սիրտն էր մտցրել թուրը հաղթելու համար: Կա վարկած, որ Ջոն Սնոուն հենց Ազոր Ահայն է, իսկ Դեյներիսը Նիսսա Նիսսայի մարմնացումը:

Եթե ենթադրենք, որ Ջոնը Ազոր Ահայն է, ապա նա պետք է ունենա կախարդական կրակե թուր հաղթանակի համար: Նման զենք կարելի է ստանալ միայն թուրը կենդանի կրակի մեջ մտցնելուց հետո:

3. Մահացած Սթարքերը կկենդանանան 

Ըստ այս վարկածի հետևորդների՝ Գիշերվա թագավորը ուղևորվում է Վինտերֆել, որպեսզի կենդանացնի Հյուսիսի նախկին թագավորներին և նրանց միջոցով համալրի իր բանակը: Սարսափելի է պատկերացնել երիտասարդ Սթարքերին, ովքեր ստիպված կլինեն կռվել, օրինակ՝ Նեդ Սթարքի դեմ:

4. Ջեյմին կսպանի՞ Սերսեային 

Սերիալում այդ հատվածը բաց է թողնված, բայց գրքում կա հատված, որտեղ գուշակը Սերսեային ասում է, որ նա կմահանա վալոնկարի ձեռքով: Վալոնկարը փոքր եղբայրն է: Երեխաների մասին գուշակությունները իրականացել են, և դա է պատճառը, որ Սերսեան հավատում է նաև այս կանխատեսմանը: Սերսեան միշտ համարել է որ իր փոքր եղբայրը Տիրիոնն է: Սակայն, Ջեյմին ևս փոքր է նրանից:

«Ոսկե ձեռքեր» երգում, որը 7-րդ եթերաշրջանում երգում էր Էդ Շիրենը (նա խաղում էր Լանիստերների բանակի զինվորներից մեկի դերը) կան տողեր. «Հաճույքն ամոթ է» և «Ոսկե ձեռքերը միշտ սառն են, կանանց ձեռքերը տաք են»: Որոշ երկրպագուները այստեղ տեսնում են Ջեյմիի հետ կատարվածի կանխատեսում: Հաշվի առնելով Սերսեայի և Ջեյմիի տարաձայնությունները վերջին եթերաշրջանում՝ այս վարկածը ևս հավանական է դառնում:

Սակայն, գրքում այս երգի մասին ավելի մանրամասն է պատմվում: Այս երգը հորինել է մի բարդ՝ Տիրիոնի և Շայայի մասին՝ շանտաժի նպատակով: Շանտաժը չի հաջողվել, իսկ բարդը դրա համար վճարել է սեփական կյանքով:

5. Վինտերֆելը անկում կապրի 

Այս մասին հուշում է առաջին հերթին նկարահանման հրապարակից արված լուսանկարը, որտեղ երևում է Վինտերֆելը՝ կրակների մեջ: Սա պաշտոնական լուսանկար չէ, այլ արտահոսք:

Վինտերֆելը առաջինն է Գիշերվա թագավորի ճանապարհին, այնպես որ այնտեղ սպասվելու է մեծ ճակատամարտ:

Նոր եթերաշրջանի թիզերում երևացող սառցե մառախուղը անկասկած խոսում է սպասվող մեծ պայքարի մասին: Սակայն, հավանական է, որ եթե անգամ Վինտերֆելը այրվի, դրա ստորին հարկերը կդառնան փրկվածների միակ հանգրվանը:

6. Սպիտակ քայլորդները կազատեն իրենց առաջնորդին

Ասում են, որ Գիշերվա թագավորը ցանկանում է գրավել Վեսերոսը և նվաճել երկաթե գահը: Այո, նրանք ունեն շատ ավելի մարդիկ, կախարդանք և անգամ վիշապ, բայց որոշ երկրպագուներ կարծում են, որ նրանք այլ նպատակ ունեն:

Ասում են, որ Վինտերֆելում ստորգետնյա շերտերում է ապրում վախի և մթության աստվածը: Սթարքերի տան հիմնադիր Բրան Շինարարը չի կարողացել հաղթահարել այդ սև ուժին և դրանով կանգնեցնել մեռյալների բանակին:

Նոր թիզերում Արյայի, Ջոնի և Սանսայի տեսած սառցե մառախուղը ոչ թե նշանակում է Գիշերվա թագավորի մոտենալը, այլ ստորգետնյա սև ուժերի առկայությունը, որոնց անունը տալն անգամ սարսափելի է:

7. Գիշերվա թագավորը կփրկի մեռյալների բանակը 

Մեկ այլ վարկածի համաձայն՝ գիշերվա թագավորը մոտենում է Վեստերոսի ամենամեծ լճին, որի կենտրոնում կա կղզի, որտեղ 2000 տարի տևած հակամարտությունից հետո անտառի երեխաները խաղաղության պայմանագիր են կնքել առաջին մարդկանց հետ: Այս տեղը կարևոր նշանակություն ունի սպիտակ քայլորդների համար:

Կղզու կախարդական ուժերի շնորհիվ Գիշերվա թագավորը ցանկանում է իրական կյանք հաղորդել իր մեռյալներին: Հնարավոր է, որ սա Եռաչքանի ագռավի երկարաժակետ ծրագիրն է՝ Վեստերոսում խաղաղություն հաստատելու համար: Դուք կհարցնեք, թե ի՞նչ կապ ունի այստեղ ագռավը: Նա ունի այն կապը, որ…

8. Բրանը հենց ինքը Գիշերվա թագավորն է 

Այս վարկածը քննարկվում է արդեն մի քանի տարի: Վերջին եթերաշրջանում հստակ երևում է, որ Բրանն ու Գիշերվա թագավորը ոչ միայն նախընտրում են հագուստի նույն ոճը, այլև նման են անգամ արտաքնապես:

Ըստ այս վարկածի՝ վերջին թիզերում Բրանի բացակայությունը հենց խոսում է այն մասին, որ Բրանը պատերազմում Սթարքերի հետ չի լինելու: Դամբարանում կան բոլոր կենդանի Սթարքերը, անգամ Ջոնը, որը այնքան էլ Սթարք չէ, սկայան Բրանը բացակայում է: Քննարկվում է անգամ այն տարբերակը, որ Բրանը ևս դամբարանում էր, բայց Եռաչքանի ագռավի կերպարում: Շատերը կարծում են, որ դրա մասին է խոսում դամբարանում գետնին ընկող փետուրը:

Լեգենդներում, որը պատմում էր ծեր Նենը Սթարքերին և հենց Բրանին հաճախ հիշատակվում էր Գիշերվա թագավորը: Լեգենդն ասում է, որ նա ուներ Սթարքի արյուն և Բրան անունով Հյուսիսի արքայի եղբայրն էր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս