Բաժիններ՝

«Մասնագիտացած ծառայությունները միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից չեն օգտվի». Արման Պողոսյան

Փաստաբանների պալատը հունվարի 29-ին փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել՝ քննարկելու ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսված: Սա հարուցել է փաստաբանների դժգոհությունը, և նրանք պատրաստ են նաև բողոքի ակցիաներ իրականացնել։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նախագծով նախատեսվում է ներդնել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, որը փոխարինելու է ներկայիս ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված անձանց հարկման համակարգին, և տարեկան մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարողները ազատվում են մինչև հիմա գործող հիմնական հարկատեսակներից։

«Գաղափարն այն է, որ մենք պետք է գործ ունենանք պարզունակ ձեռնարկատիրական նախագծերի հետ, որովհետև ենթադրվում է, որ կայացած ձեռնարկատիրական նախագծերը պետք է հատեն 24 մլն դրամի շեմը»,- ասաց Ա.Պողոսյանը՝ հավելելով, որ այդ ձեռնարկատիրական համակարգում չեն կարող լինել բոլոր մասնագիտացած ծառայությունները՝ հաշվապահության վարում, աուդիտորական գործունեություն, խորհրդատվություն, թարգմանչական գործունեություն և այլն։

Ըստ նրա՝ այս ոլորտներն ավելի մասնագիտացած են, ավելի բարձր շահութաբեր և իրացման շրջանառության ավելի մեծ ցուցանիշներ ունեն։

Փոխնախարարի խոսքով՝ նրանք չեն կարողանա նախկինի պես օգտվել նաև շրջանառության հարկման համակարգից, քանի որ այն ենթադրում է անհամեմատ ցածր հարկային բեռ. «Նրանց համար դա կիրառելը, մեր կարծիքով՝ նպատակահարմար չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս