«Հավաքների, ցույցերի ազատություն չի նշանակում ցանկացած խնդրի դեպքում միջպետական մայրուղիների ու մաքսակետերի փակում». Փաշինյան
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 26-ին մասնակցելով ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
«Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն: Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում և չենք թողնելու»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:
Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման վերաբերյալ ձևավորված կարծրատիպին. «Շատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետև օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է. այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, չի կարող լինել ժողովրդավարություն, այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, ժողովրդավարության տանիքի ներքո մենք շատ արագ կբախվենք ամենաթողության հետ»: