«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ». ֆավորիտներից մեկը կլքի պայքարը
Անգլիայի Գավաթի հերթական փուլում տեղի ունենալիք կենտրոնական իրադարձությունը լինելու է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը: Եզրափակչին արժանի խաղ, որտեղ, սակայն, թիմերից մեկը պետք է լքի պաքարն արդեն այս փուլում:
«Արսենալ»
«Արսենալը» Պրեմիեր լիգայի վերջին տուրում ապացուցեց, որ լրատվամիջոցներն իրեն շատ վաղ են պայքարից դուրս թողել: Սեփական հարկի տակ դժվարին պայքարում Ունայի Էմերիի սաները կարողացան հաղթել «Չելսիին»: Սա համառ պայքար էր Պրեմիեր լիգայի լավագույն քառյակի համար: Հիմա «Արսենալը» «Չելսիին» զիջում է միայն 3 միավոր:
Այս հաղթանակը դարձավ 3-րդը լոնդոնյան ակումբի համար՝ վերջին 4 խաղերում: Այս խաղերում Էմերիի սաները շատ արդյունավետ են գործել՝ խփելով նվազագույնը 2 գնդակ: Այդ ժամանակահատվածում Անգլիայի գավաթում լոնդոնյան թիմը հաղթեց նաև «Բլեքփուլին» (0:3):
Ունայի Էմերիի հիմնական խնդիրը ֆուտբոլիստներն են, որոնք բացակայում են վնասվածքների պատճառով: Օրերս հայտնի դարձավ, որ մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ դուրս չի Հեկտոր Բելերինը: Ամենայն հավանականությամբ, կբացակայի նաև Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցել է միայն վերջին մարզումներին՝ ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Ռոբ Հոլդինգն ու Դենի Ուելբեքը ևս դեռ չեն ապաքինվել:
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Կարմիր սատանաները» նմանվել են իրենց մականվանը և պարզապես կերպարանափոխվել են վերջին խաղերում: Օլե-Գուննար Սուլշերի գալուց հետո թիմը կարողացել է հաղթել 7 խաղ անընդմեջ:
Այս հաղթանակներից շատերը թույլ թիմերի հետ էին և սպասելի՝ անգամ Մոուրինիոյի թիմի համար, սակայն «Տոտենհեմին» նվազագույն հաշվով հաղթելն ազդակ էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պետք է հաշվի նստել: Այս հանդիպումը միակն էր, որտեղ Սուլշերի սաները խփել են միայն մեկ գոլ, մյուս խաղերում մանչեսթերյան ակումբը եղել է ավելի արդյունավետ:
Անգլիայի գավաթի նախորդ տուրում Սուլշերի սաները հաղթել են «Ռեդինգին»՝ 2:0 հաշվով:
Մանչեսթերցիների կազմում կա վնասվածք ունեցող 2 ֆուտբոլիստ՝ Մարկոս Ռոխո և Մարուան Ֆելաինի:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Տնային 17 խաղերում «Արսենալը» կարողացել է հաղթել 13 անգամ՝ պարտվելով միայն մեկ դիմակայությունում
- «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացել է հաղթել վերջին 7 պաշտոնական խաղերում անընդմեջ
- Մրցաշրջանի առաջին հատվածում թիմերը ոչ-ոքի են խաղացել՝ 2:2
Սա այն դեպքն է, երբ վստահորեն կարող ենք ասել, որ թիմերի հնարավորությունները հավասար են: «Արսենալը» շատ լավ է խաղում սեփական հարկի տակ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» բավականին հաջող շրջանում է: Երկու թիմերն էլ շատ արդյունավետ են հանդես գալիս, այնպես որ, պետք չէ սպասել, որ թիմերից մեկն ակնհայտ կպաշտպանվի:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Սիրարփի Աղաբաբյան